«Ոսկե ծիրան»-ի 3-րդ օրը. Կինոդիտումներ, վարպետության դաս, ցուցահանդես, պրեմիերա

«Ոսկե ծիրան»-ի 3-րդ օրը. Կինոդիտումներ,  վարպետության դաս, ցուցահանդես, պրեմիերա

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին՝ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի երրորդ օրվա մեկնարկին՝ ռեժիսորներ Կատյա Ֆիլիպովան («Ինսայթ», Խաղարկային ֆիլմերի մրցույթ), Առնո Խայաջանյանը («Քարքարոտ ճամփաներ», Հայկական համայնապատկեր մրցույթ), Նարե Մկրտչյանը («Տան մյուս կողմը», Հայկական համայնապատկեր), Իզուդին Բայրովիչը («Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին», Խաղարկային ֆիլմերի մրցույթ) լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել են մրցութային ծրագրերում ընդգրկված կինոնկարների մասին:

Ռեժիսոր Կատյա Ֆիլիպովա

Այնուհետև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դաս անցկացրեց ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկը (Սերբիա):

Օրվա երկրորդ կեսին «Դալան» պատկերասրահում տեղի է ունեցել Հայաստանի և «Ոսկե ծիրան»-ի լավագույն բարեկամ, ճանաչված ռեժիսոր, երջանկահիշատակ Աբաս Քիառոսթամիի «Ճանապարհը» լուսանկարների ցուցահանդեսը:

Փառատոնային երրորդ օրը տեղի է ունեցել նաև «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագրի բացումը, «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Դերեք Ջարմենի «Փոթորիկ» ֆիլմը: «Գերմանական կինոյի օր» ծրագիրը «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Աննե Զոհրա Բերախեդի «24 շաբաթ» ֆիլմի ցուցադրությամբ:

Կարմիր գորգի արարողությամբ տեղի է ունեցել Ջիվան Ավետիսյանի՝ «Վերջին բնակիչը» (Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ) ֆիլմի պրեմիերան։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացվեց Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս»-ը: Տեղի ունեցավ Ժելիմիր Ժիլնիկի կինոնակարների հետահայաց ցուցադրությունների բացումը, ներկայացվեցին սերբ ռեժիսորի կարճամետրաժ ֆիլմերը: Ռեժիսորը պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակով։

Ավելի ուշ կինոդիտումները շարունակվեցին Պողոսյան պարտեզներում: Կինոսերները դիտեցին Փիթեր Գրինըուեյի «Պրոսպերոյի գրքերը» ֆիլմը:

Կինոփառատոնի երրորդ օրը կրկին ամփոփվեց The Club-ում` կեսգիշերային հանդիպմամբ:

Հունիսի 22-ին ներկայացվել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմը:

«Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրել է, թե ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում` կինոփառատոնի շրջանակում:

«Այս տարի կինոփառատոնի հյուրը կլինի հանրահայտ դերասանուհի Ժակլին Բիսեթը, որի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կլինի նաև. կցուցադրվեն «Ամերիկյան գիշեր», «Սպանություն արևելյան ճեպընթացում» և «Բուլիթ» ֆիլմերը: Բիսեթին նաև մրցանակ կհանձնենք: Բացի այդ` կլինեն հետահայաց ցուցադրություններ` սերբ կինոռեժիսոր Ժեմիլիր Ժիլնիկի և անվանի ռեժիսոր ու օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի: Երկուսն էլ կլինեն Հայաստանում»,- հայտնել է Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Կարդացեք նաև՝ 13-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրված է. Փարաջանովի թանգարանը՝ Եվրոպական կինոմշակույթի գանձ

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---