Զինված խմբի 2 վիրավորին վիրահատել են, վիճակը բավարար է

Զինված խմբի 2 վիրավորին վիրահատել են, վիճակը բավարար է

PanARMENIAN.Net - Գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի վիրավոր երկու անդամը՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, վիրահատվել են, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին լրագրողներին հայտնել է բժշկական կենտրոնի ինտենսիվ բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը։

«Երկուսն էլ ոտքերի հրազենային վիրավորում են ստացել, մեկը՝ հրազենային կույր վիրավորում, մյուսը՝ հրազենային թափանցող վիրավորում ու կոտրվածք։ Ստացված հրազենային վիրավորումներն այնպիսին են, որ հետագայում նրանք ոչ մի խնդիր չեն ունենա», - ասել է Մանգոյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ոստիկանները հսկում են հիվանդանոցի մուտքը։

Փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պետրոսյանին և Հարությունյանի դեպքի կապացությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Հուլիսի 25-ի երեկոյան, ժամը 20:00-ից մինչև կեսգիշերն ընկած ժամանակահատվածում «Սասնա ծռեր» խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել ևս երկու ավտոմեքենա։

Ոստիկանության փոխանցմամբ, այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։ Ժամը 01:00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։

Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել գնդի տարածք։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ: 136 մարդ բերման է ենթարկվել:

Կարդացեք նաև՝ ՀՀ ՄԻՊ-ը քաղաքացիներին բերման ենթարկելու, բռնության գործադրման դեպքերով 114 հաղորդում է ստացել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---