Ոստիկանություն. Իրավապահները կրակել են «Սասնա ծռերի» մեքենային` սպառնացող վտանգը չեզոքացնելու համար (վիդեո)

Ոստիկանություն. Իրավապահները կրակել են «Սասնա ծռերի» մեքենային` սպառնացող վտանգը չեզոքացնելու համար

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ի երեկոյան, ժամը 20.00-ից մինչև կեսգիշերն ընկած ժամանակահատվածում «Սասնա ծռեր» խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել ևս երկու ավտոմեքենա։

Ոստիկանության փոխանցմամբ, այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։ Ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։

Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել գնդի տարածք։ Իրավապահները անմիջապես բուժօգնություն են կանչել և առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են։ Ներկայումս երկու վիրավորներն էլ գտնվում են հիվանդանոցում և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Վիրավորված անձինք են՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը։

Ավելի ուշ ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ այրվել է ևս 1 ոստիկանական մեքենա՝ Samand մակնիշի:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 61 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ արձակեցին բոլոր պատանդներին:

Կարդացեք նաև. «Սասնա ծռեր» զինյալներից երկուսը վիրավորվել է. Խմբին սնունդ են հասցրել՝ ճեղքելով արգելապատնեշը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---