7 «վերք». Վարչապետը հանձնարարականներ է տվել նախարարներին

7 «վերք». Վարչապետը հանձնարարականներ է տվել նախարարներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Կառավարության նիստի մեկնարկին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգին անցնելը, մի շարք նախարարությունների սահմանված ժամկետներում իրականացնելու համար նախատեսված հանձնարարականներ է տվել:

Կարապետյանն ասել է, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների և գործարարների հետ հանդիպման ժամանակ բավականին շատ է խոսվել սննդի անվտանգության ծառայությունների մասին և, հաշվի առնելով այդ դժգոհությունները, վարչապետը գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է ուսումնասիրել այդ հարցը և շեշտը դնել նրա վրա, թե արդյոք սննդի անվտանգության պետական տեսչությունը պետք է լինի նախարարության կազմում, թե՝ ոչ, և ներկայացնել առաջարկություն, գրում է Tert.am-ը:

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերել է էկոնոմիկայի, ֆինանսների և տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին.

«Սեփականաշնորհված ակտիվներ, բազմաթիվ տարիների ընթացքում սեփականաշնորհված գույք, որոնք այսօր չեն աշխատում: Ուստի նախարարություններին հանձնարարում եմ նախ և առաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել և ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործմանն ու խթանման ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություններ։ Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի»:

Անդրադառնալով գնումների վերաբերյալ խնդիրներին, վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է քննարկել կենտրոնացված կարգը, գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկ, թե որ ապրանքներն ու ծառայություներն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով. «Մենք բազմաթիվ գնումներ կազմակերպող կազմակերպություններ ունենք և, կարծում եմ, մենք այստեղ ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»:

Վարչապետի չորրորդ հանձնարարականը վերաբերել է բոլոր գերատեսչություններին. «Գործադիրի բոլոր մարմիններին հանձնարարում եմ վերանայել կառավարության իրենց ոլորտներում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք ունեն հաստատուն ծախսեր, բայց հասկանալի չէ, թե իրենց օգուտը որն է: Ելնելով դրանից, շատ խիստ, կոշտ պետք է վերանայել այդ ամենը»:

Կարապետյանն անդրադարձել է նաև ԾԻԳ-երին (ծրագրի իրականացման գրասենյակ) և հանձնարարականներ տվել սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի և քաղաքաշինության նախարարներին մեկ շաբաթվա ընթացքում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություններ. «Մենք պետք է ունենանք մի հարթակ, որտեղ պետք է իրականացնենք մեր գնումները»:

Տարածքների և համաչափ տնտեսական զարգացման հարցը ևս վարչապետի հանձնարարականների թվում էր. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում, համագործակցելով էկոնոմիկայի, սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարներին ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ՝ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխան: Որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում, յուրաքանչյուր գերատեսչություն իր զարգացումը պիտի տեսնի, պետք է համատեղի նաև տարածքային և ռեգիոնալ զարգացման հետ»,- ասել է Կարապետյանը:

Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարել է երեքշաբաթյա ժամկետում վերանայել և լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագիր և վերահսկելի պահանջներ դնել համայնքային զարգացման նկատմամբ. «Յուրաքանչյուր բնակավայր և կառավարիչ պետք է ունենա հորիզոն, թե ինքն ինչ է ուզում, որ ինչ լինի, պիտի ունենա երազ, թե ինքն ինչ քաղաք ու գյուղ է պատկերացնում»:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ վարչապետին հայտնել է, որ, պայմանավորված ՏԻՄ ընտրություններով, հունվարի 15-ին համայնքները կունենան համայնքային զարգացման հնգամյա ծրագիրը:

Սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ շարունակելով ձևավորել ՀՀ նոր կառավարությունը. էկոնոմիկայի, առողջապահության, բնապահպանության, սպորտի և մշակույթի նոր նախարարներ են նշանակվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---