«Հայկական ֆուտբոլի սան է, ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին». Մասնագետները՝ նոր մարզչի մասին

«Հայկական ֆուտբոլի սան է, ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին». Մասնագետները՝ նոր մարզչի մասին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ էր, ներկայումս՝ շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ:

Այն մասին, թե ինչքանով էր ճիշտ Պետրոսյանին գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը, որ ուղղությամբ նա կտանի հավաքականն ու խնդիրներից որոնք են առաջնային լուծելու համար, PanARMENIAN.Net ը զրուցել է ոլորտի մասնագետների հետ:

Սլավա Սարգսյան, մարզական մեկնաբան, Հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի գլխավոր խմբագիր

Չեմ կարծում, թե սխալ որոշում է Արթուր Պետրոսյանի նշանակումը. Արթուրը հայկական ֆուտբոլի սան է, պատկերացումներ ունի և տեղյակ է նրբություններից: Ինչպես նաև, նա շվեյցարական լավ դպրոց է անցել, Հայաստանից դուրս մարզչական աշխատանքի փորձ ունի:

Սակայն միայն մարզչով չէ պայմանավորված հավաքականի հաջողությունը:

Իմ կարծիքով, Արթուր Պետրոսյանը պետք է առաջին հերթին դուրս հանի հավաքականը հոգեբանական ծանր վիճակից, տրամադրի, ոգևորի: Պակաս կարևոր չէ տեխնիկա-տակտիկական ուղղությունը, խաղային մարտավարության մշակումը:

Լևոն Պաչաջյան, Շվեդական «Սոդերտալյեի» կիսապաշտպան, ՀՀ ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ

Հավաքականի և առհասարակ հայկական նորագույն պատմության ամենավառ ու տաղանդաշատ նախկին ֆուտբոլիստներից մեկը կգլխավորի մեր հավաքականը։ Պետրոսյանը Բեռնար Շալանդի (խմբ. 2014-ից 2015-ը ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ) հետ միասին աշխատում էր հավաքականի շտաբում, այսինքն հավաքականի հետ աշխատելու փորձ էլ ունի:

Այս պահին դժվար է ասել՝ սխալ թե ճիշտ որոշում էր, քանի որ պետք է սպասել գոնե 2-3 խաղ և տեսնել թե ինչպիսի արդյունքներ կգրանցվեն, ինչ փոփոխություններ տեղի կունենան հավաքականում՝ թե մարտավարության, թե կազմի հետ կապված։

Երևի թե ամենաօպտիմալ որոշումն էր՝ հաշվի առնելով այն դրությունը, որում հայտնվել է հավաքականը։ Ըստ երևույթի՝ հավաքականում նոր թիմ է ձևավորվում և մարզիչն էլ երիտասարդ է, թարմ մտքերով և որոշումներով։ Կարծում եմ այս ամենը համադրելով կարող ենք ակնկալել, որ հավաքականում դրական փոփոխություններ կլինեն։

Հաշվի առնելով, որ Արթուրը երկար տարիներ խաղացել և որպես մարզիչ է աշխատել Եվրոպայում և լավ ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին, կարելի է ակնկալել, որ հավաքականում կգերակայեն կարգապահությունն ու հարձակվողական ֆուտբոլը։ Նաև պետք է հաշվի առնել, որ նա հարձակվողական ոճի կիսապաշտպան է եղել, և այդ հանգամանքը նույնպես կարող է ազդել հավաքականի տակտիկայի և ոճի վրա։

Սերգեյ Ջանջոյան, FAF-ի հիմնադիր անդամ

Միայն ժամանակն է ցույց տալու՝ որոշումը սխալ էր, թե ճիշտ: Վերջին տարիներին մարզիչների՝ անփառունակ կերպով պաշտոնը լքելը խոսում է սխալ որոշումների մասին: Այս մասով ավելին ասել չեմ կարող: Արթուրը իմ սիրելի ֆուտբոլիստներից է, ի սրտե ցանկանում եմ, որ նա բոլորիս մոտ միայն դրական կերպով հիշվի: Շատ կարևոր է կարգավորել թիմում մթնոլորտը, որը այժմ շատ վատ վիճակում է:

Կարծում եմ, նախկինում չհրավիրվող ֆուտբոլիստներից մի քանիսը, այդ թվում՝ Յուրա Մովսիսյանը, այժմ կհրավիրվեն հավաքական, երևի թենոր մարզչի առջև խոչնդոտ չի լինի հրավիրել նրան:

Ռոբերտ Գասպարյան, ֆուտբոլային մեկնաբան

Կարծում եմ, Արթուր Պետրոսյանը միայն հարգանքի արժանի անձնավորություն է: Նրա հիմնական խնդիրը պետք է լինի հավաքականի դուրս բերումը ծանր բարոյա-հոգեբանական իրավիճակից, որն առաջացել է անընդմեջ պարտությունների հետևանքով: Պետք է հաղթողի ոգին վերականգնել: Ինչ կապված է մարտավարության հետ, կարծում եմ, մեծ փոփոխություններ չեն լինելու, քանի որ հավաքականում չկան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ կարելի է, օրինակ, զուտ հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Պետք է վերականգնել հակագրողային ոճի ֆուտբոլը, ասինքն՝ լավ պաշտպանություն և արագընթաց հակագրող:

Իսկ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու խնդիր դրված չէ, քանի որ հասկանում ենք՝ դա հնարավոր չէ այսօրվա դրությամբ:

Բացի այդ, կարծում եմ, հավաքական պետք է վերադարձվեն Յուրա Մովսիսյանը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Արթուր Սարկիսովը:

Իմ գնահատականով գլխավոր մարզչի ամենաարդյունավետ տարբերակը կլիներ Աբրահամ Խաշմանյանը, սակայն որոշ պատճառներով այժմ դեռ դա հնարավոր չէ:

Մենուա Մեհրաբյան, մարզական մեկնաբան

Արթուր Պետրոսյանին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու փաստը կարելի է դիտարկել երկու տարբեր տեսանկյունից: Նախ, պետք է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է կատարվել ընտրությունը. եթե հիմքում դրված է խաղային և մրցաշարային տեսանկյուններից իրավիճակի կտրուկ փոփոխության ցանկությունը, ապա պետք է նշեմ, որ Պետրոսյանի ընտրությունը սխալ է: Ազգային ընտրանու ղեկին Արթուրին նշանակելը ճիշտ է այն առումով, որ նա արտերկրում զբաղվում է մարզչական գործունեությամբ, մեծ փորձ է ձեռք բերել, եղել է հավաքականի գլխավոր մարզիչների օգնականը և հիմա նրան կարելի է վստահել մեր ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը:

Հաշվի առնելով, որ գործնականում զրկվել ենք Աշխարհի առաջնության ուղեգրից, Արթուր Պետրոսյանի նշանակումը պետք է դիտարկել հեռանկարի տեսանկյունից: Ամենակարևոր խնդիրը, որը հիմա պետք է լուծի Արթուրը՝ ֆեդերացիայի նախագահի կամակատարը չլինելն է:

Միշտ էլ նշել եմ, որ հայազգի մասնագետների մեջ նախապատվությունը պետք է տրվեր Աբրահամ Խաշմանյանին, ով ունակ է թե' հավաքականին խորը ճգնաժամից հանելուն, և թե' դրական արդյունքներ ապահովելուն: Առհասարակ, եթե ներկա իրավիճակում դեռևս ցանկանում ենք պայքարել ուղեգրի համար, ապա միանշանակ պետք է հրավիրվեր օտարերկրացի բարձրակարգ մասնագետ:

Պետրոսյանի գլխավորությամբ հրաշքների սպասել պետք չէ: Գրեթե վստահ եմ, որ Պետրոսյանի նշանակմամբ ֆեդերացիան փորձել է մեղմել երկրպագուների և մասնագետների խորը և արդարացված դժգոհությունը, քանի որ Արթուրը մեր ֆուտբոլի լեգենդն է և ժողովրդի կողմից շատ սիրված: Հաշվի առնելով Արթուրի մարզչական փորձը, պետք է հուսալ, որ մոտ ապագայում ոչ մեծ, բայց այնուամենայնիվ, դրական փոփոխություններ կնկատենք մեր ընտրանու խաղում: Սրտանց բարի երթ եմ մաղթում Արթուրին, իսկ հավաքականին` երբեմնի ցուցադրած վառ և արդյունավետ ֆուտբոլը:

Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971-ին Գյումրիում, հարձակվող էր, այժմ մարզիչ է։

Հանդես է եկել հայկական մի շարք ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև օտարերկրյա ակումբներում։ Պետրոսյանը մարզում է «Ցյուրիխի» պատանի ֆուտբոլիստներին և ձեռք է բերել A կարգի մարզչական արտոնագիր։

ՀՀ ազգային հավաքականում խաղացել է 1992 - 2005-ին՝ խփելով 11 գոլ: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 1996, 2000-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---