1 նոյեմբերի 2016 - 13:29 AMT
Դավիթ Հարությունյան. Տպարանի շենքի պայթեցման գործում մի քանի մեղավոր կա

Նախկին Առաջին տպարանի շենքի պայթեցման գործում մի քանի մեղավոր կա: Այդ մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ով էր մեղավոր տպարանի շենքի պայթեցման համար, հայտնում է Aysor.am-ը։

«Մի քանի սխալ է տեղի ունեցել, մի քանի մեղավորներ կային և յուրաքանչյուրը կստանա իր պատիժը», - ասել է նա։

Պայթեցման աշխատանքների վերաբերյալ շինարարական կազմակերպությունը սահմանված կարգով համապատասխան մարմիններին չի տեղեկացրել:

Հոկտեմբերի 31-ին վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին: Վարչապետը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ:

Վարչապետը նշել էր, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում և ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առաջին տպարանի շենքի ճարտարապետական արժեք ներկայացնող մասնաշենքերը պահպանվելու են: Այս մասին ասել է շենքի հիմնական սեփականատեր Գենիկ Կարապետյանը՝ վստահեցնելով, որ իրենք ի սկզբանե նպատակ ունեին քանդել երեք մասնաշենքից միայն մեկը:

Տպարանի շենքը «Աստորիա ինվեստ» փակ բաժնետիրական ընկերությանն է պատկանում: Մի քանի ամիս առաջ Գենիկ Կարապետյանը գնել է բաժնետոմսերի մեծ մասը, և որոշել է այստեղ հյուրանոց կառուցել:

Ընթերցեք նաև. Սեփականատեր. Առաջին տպարանի շենքի մյուս մասնաշենքերը պահպանվելու են