Սերժ Սարգսյան. 2017-ի ընտրություններում ՀՀԿ հաղթանակի դեպքում վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը

Սերժ Սարգսյան. 2017-ի ընտրություններում ՀՀԿ հաղթանակի դեպքում վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը

PanARMENIAN.Net - 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում Կառավարությունը կրկին կգլխավորի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարի ընթացքում իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»:

Ողջունելով ՀՀԿ-ին անդամագրվելու վարչապետի և նրա թիմակիցների որոշումը, նախագահը վստահություն է հայտնել, որ Կարեն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն իրենց թիմի անդամներին:

«Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ խորհրդարանական ընտրություններ: Մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի վստահության քվե: Եվ այդ պարագայում, առանց վարանելու և շեղվելու, մենք առաջ կընթանանք մեր երկրի բարեփոխումները իրականություն դարձնելու ուղիով»,- նշել է նախագահը:

Նա հավելել է, որ ՀՀԿ-ն գալիք ընտրություններում ներկայանալու է հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել և գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ:

«Մենք մեր ծրագրերով, նոր նախաձեռնություններով ու թարմացվող գործելաոճով փորձելու ենք պահպանել ու ավելացնել մեր կուսակցության դերակատարումը՝ նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում: Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք շատ ավելի մոտ լինել մեր հիմնական շահառուին՝ ՀՀ քաղաքացուն, և միաժամանակ՝ շատ ավելի դինամիկ, անընդհատ կատարելագործվող ու ճկուն քաղաքական բանավեճում և գաղափարների մշակման գործում»,- շեշտել է Սարգսյանը:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում նոյեմբերի 26-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարը, որին հրավիրված է մոտ 2000 մարդ, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։

ՀՀԿ համագումարին հրավիրված է հայաստանյան 13 կուսակցություն, ինչպես նաև ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:

Հանրապետական կուսակցության 16–րդ համագումարը վերջինն է 2017-ին խորհրդարանական ընտրություններից առաջ, ուստի սպասվում է, որ փոփոխություններ են լինելու ՀՀԿ ղեկավար կազմում։ Երեկ այդ մասին ԳՄ նիստից հետո հայտարարել էր նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կլինեն ՀՀԿ-ի ղեկավար կազմում։ Մամուլում ավելի վաղ գրվել էր, որ Կարեն Կարապետյանը լինելու է կուսակցության փոխնախագահ։ Կուսակցությունում սպասվում են նաև կանոնադրական փոփոխություններ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---