ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեն ընդունում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները  ԼՂ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեն  ընդունում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախում փետրվարի 20-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չեն ընդունում: Այս մասին նրանք հայտարարել են Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպել են և առանձին, և երկուսի հետ միասին։

Նրանք նկատել են, որ չնայած Ղարաբաղի իշխանությունները սահմանադրական հանրաքվեն դիտարկում են որպես հանրային կյանքի կազմակերպման ձև, այդուհանդերձ ընդգծել են, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը,չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնուրույն երկիր։

Նրանք նշել են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները, նաև՝ ընդգծել, որ դրանք չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ հանգեցնել հիմնախնդրի խաղաղ լուծման։

Ըստ հայտարարության, համանախագահները նախարարների հետ հանդիպումներում քննարկել են շփման գծում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանային դրությունը։

Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և պատերազմը ճանապարհ չէ։ Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև իրենց հանրային ելույթներում հանրությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։

Բացի այդ, համանախագահները նաև կոչ են արել կողմերին խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը։

Ըստ տարածած հայտարարության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին հիշեցրել են դեռևս 2011-ին Դովիլում նախագահների հայտարարությունը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն մեծ ցավ ու տառապանք կպատճառի և քննադատության կենթարկվի միջազգային հանրության կողմից։

Համանախագահները մտքեր են փոխանակել 2016-ին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, ինչը նպատակ ունի կայունացնել իրավիճակը շփման գծում։

Համանախագահները նախարարների հետ հանդիպմանը ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ճկունություն ցուցաբերել ու վերականգնել համընդգրկուն բանակցություները՝ հակամարտության լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար։

Համանախագահները նկատել են, որ ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու մասին հայկական կողմի որոշումը մարդասիրական մեծ ժեստ էր։

Ըստ հայտարարության, համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան։

Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---