«Ծառուկյան» դաշինքի խոստումներից. Փոքր և միջին ձեռնարկությունները կազատվեն հարկերից

«Ծառուկյան» դաշինքի  խոստումներից. Փոքր և միջին ձեռնարկությունները կազատվեն հարկերից

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքն ԱԺ ընտրություններին ընդառաջ ներկայացրել է 15 առաջնահերթ քայլերը՝ իշխանության գալու դեպքում.

1. Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազար դրամով և պարբերաբար ինդեքսավորել:

2. 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ:

3. Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից:

4. Առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:

5. Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:

6. Պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին: Գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը:

7. «Ծառուկյան » դաշինքի կողմից ձևավորվող նոր կառավարության առաջին որոշումը լինելու է արագաչափերի և կարմիր գծերի վերացումը:

8. Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները: Իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել։

9. Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ սահմանին 1000մ3 գազը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն երկու անգամ բարձր գնով:

10. Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 %-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) և ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ:

11. Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, « հսկիչների » կիրառումը:

12. Գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ:

13. Առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել։

14. Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմը՝ հօգուտ պետական բյուջեի:

15. Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից:

Փետրվարի 16-ին հրապարակվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակի առաջին տասնյակը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---