«Ծառուկյան դաշինքը» հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

«Ծառուկյան դաշինքը» հրապարակել է  նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին հրապարակվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինքի» համամասնական ցուցակի առաջին տասնյակը:

Ցուցակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, երրորդը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է, չորրորդը Երևանի Պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն է, հինգերորդը՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, վեցերորդը՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, յոթերորդը՝ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ութերորդը՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը, իններորդը՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ նախկին վարչապետ հովիկ Աբրահամյանի որդին, տասներորդը՝ Շիրակի Պետական համալսարանի պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը, «Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և «Ալյանս» կուսակցությունից՝ այս երկու ուժերի միջև է համագործակցության հուշագիր ստորագրվել, բայց այլ ուժեր նույնպես ներգրավված կլինեն դաշինքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հարցին՝ արդյոք «Ծառուկյան դաշինք»-ում կլինի նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Տոնոյանը պատասխանել է, որ նման տեղեկատվություն չունի:

Ավելի վաղ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ֊) հայտարարեց, որ դադարեցնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ քննարկումները: Հայտարարության մեջ ասվում էր, որ մի քանի օր է բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները։

Կարդացեք նաև՝ Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում ՍԴՀԿ հետ դաշինքային գործակցությունը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---