Բելառուսական ԶԼՄ-ներ. ՀՀ տեխնոլոգիական հրաշքի հիմքում խորհրդային ռազմարդյունաբերության մտավոր և կրթական ներուժն է

Բելառուսական ԶԼՄ-ներ. ՀՀ տեխնոլոգիական հրաշքի հիմքում խորհրդային ռազմարդյունաբերության մտավոր և կրթական ներուժն է

PanARMENIAN.Net - ՀՀ օրենսդրության փոփոխությունները թույլ են տվել սեղմ ժամկետում բարձր տեխնոլոգիաների զարգացում արձանագրել Հայաստանում, ստեղծելով բելառուսական Բարձր տեխնոլոգիաների պարկի լիարժեք նմանակը, որտեղ այժմ ՏՏ ոլորտի հասույթը հասնում է 475 մլն դոլարի: Այդ մասին գրել է բելառուսական «Էկոնոմիչեսկայա գազետան»՝ անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացմանը Հայաստանում:

Ինչպես նշվում է հոդվածում, 3-միլիոնանոց երկրում ավելի քան 400 ինժեներային, սոֆթային և հետազոտական ընկերություն կա, որոնցից շատերը գլոբալ ընկերությունների մաս են դարձել: Ոլորտում աշխատում է ավելի քան 20.000 մարդ:

«Ինչպես և Մինսկում, հայկական տեխնոլոգիական հրաշքի հիմքում խորհրդային ռազմարդյունաբերության մտավոր և կրթական ներուժն է: Հանրապետության մայրաքաղաքը ԽՍՀՄ կիբերնետիկայի առանցքային կենտրոններից մեկն էր: Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ին, որը ստեղծվել է 1958-ին, հաջողությամբ գործում է մինչ օրս և արդեն անկախ Հայաստանի ռազմարդյունաբերության առաջատարն է»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ ի տարբերություն Բելառուսի, ՀՀ իշխանությունները ավելի լայն ոլորտի են արտոնություններ տվել:

«Այստեղ գրանցված են ոչ միայն ծրագրային ապահովման մշակողները, այլ նաև դիզայնի ստուդիաներ, գիտահետազոտական, ինժեներային ընկերությունները: Օրինակ, սինգապուրյան զենք ու ռազմատեխնիկա արտադրող ST Kinetics ընկերությունն իր երկրում ստեղծել է մշակումների և լաբորատորիաների կենտրոն, որի բյուջեն ավելի քան 2 մլն դոլար է»,-ասվում է հոդվածում:

Ըստ հեղինակի, շնորհիվ իր սփյուռքի Հայաստանը կարողացել է ներգրավել բազում անդրազգային ընկերություններ՝ Microsoft, Intel, Google, Oracle, D-Link, VMWare:

«Միայն Synopsys-ի տեղական բաժանմունքում ավելի քան 650 մարդ է աշխատում: Բելառուսում այդպիսի ընկերությունները դեռ քիչ են, լիարժեք նմանակ կարող է համարվել միայն Viber-ի մշակման կենտրոնը: Մեծ անդրազգային ընկերությունները չեն շտապում գումարներ ներդնել բելառուսական ձեռնարկություններում և հապաղում են մասնագետների աշխատանքի վերցնելու հարցում»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ ՏՏ ոլորտի հայ գործարարների ստեղծած սկսնակ ընկերությունները ներդրումներ են ստանում ԱՄՆ և Եվրոպայի վենչուրային հիմնադրամներից, իսկ նրանց տեխնոլոգիական թիմերն ու աշխատանքի վարձատրության հիմնադրամները գտնվում են Երևանում:

«45 մլն դոլար է ներդրվել հայկական արմատներ ունեցող ամենահայտնի նախագծում՝ PicsArt-ում, որը լուսանկարների խմբագրման համար է նախատեսված: Նույն Կալիֆորնիայում գրանցված CodeFights.com և SoloLearn.com ընկերությունները թեստավորում են ծրագրավորողներին Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում և նույնիսկ Աֆրիկայում: Հայկական Menu.am նախագիծը պատրաստի ուտեստենր է առաքում ՀՀ և հարևան Վրաստանի (Menu.ge) և Բելառուսի (Menu.by) ավելի քան 871 ռեստորանից: Առաջիկայում այդ ընկերությունը մտադիր է դուրս գալ նաև Իրանի և Ուկրաինայի շուկա: Աշխարհում հայտնի է BetConstruct-ը, որը ինտերնետ կազինոների և բուքմեյքերական ընկերությունների գլոբալ խումբ է, որի կենտրոնակայանը գրանցված է Մալթայում, սակայն մշակողներն ու իրական կենտրոնը նույն Երևանում է»,-գրում է հեղինակը:

Ըստ նրա, այդպիսի նախագծերը փոքր Հայաստանում արդեն հարյուրների են հասնում՝ ինքնազարգացող խմբակներից, որոնք գումար են հավաքագրում Kickstarter'е-ում, մինչև բելառուսներին հայտնի բազմամիլիոնանոց լսարան ունեցող տեսախաղերի մշակում: «Ցույց տալով ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացումը, դրանք շատ լավ են ի հայտ բերում ընդհանուր մի խնդիր ՝ մեծ եկամուտներ ապահովող գլխամասային ընկերությունները մնում են Արևմուտքում, նախկին ԽՍՀՄ երկրներ այդ գումարները ներմուծելու մտավախություն կա»,-ասվում է հոդվածում:

Ավելի վաղ ucraft.com-ի հիմնադիր, կայքերի մշակող Գև Բալյանի The Next Web-ում հրապարակված հոդվածում ասվում էր, որ Հայաստանը, նախկին ԽՍՀՄ Սիլիկոնյան հովիտը, դարձել է սկսնակ ընկերությունների ծաղկուն կենտրոն՝ համընդհանուր ճանաչում ստանալով: Նշվում էր, որ Երևանում 2 ազատ տնտեսական գոտի կա՝ «Ալյանսը» և «Մերիդիանը», որտեղ որոշակի պահանջների համապատասխան սկսնակ ձեռնարկությունները կարող են աշխատել առանց ԱԱՀ, շահութահարկի, գույքահարկի, ինչպես նաև առանց մաքսատուրք վճարելու:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---