Ահազանգ․ Զոլաքարում դիտորդի են ծեծել

Ահազանգ․ Զոլաքարում դիտորդի են ծեծել

PanARMENIAN.Net - 8-րդ ընտրատարածքում ընդգրկված Զոլաքար գյուղի թիվ 21/29 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի դիտորդին ու հեռացրել տեղամասից, որից հետո վերջինս դիմել է իրավապահ մարմիններին: Այս մասին ահազանգել է 21/29 տեղամասում որպես դիտորդ գրանցված «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լիանա Հովհաննիսյանը, հաղորդում է Panorama.am-ը:

«Ես այդ պահին տեղամասում չեմ եղել. օրենքն արգելում է նույն կազմակերպությունից երկու դիտորդի ներկայությունը տեղամասում, հետևաբար, երբ ես եկել եմ այդ տեղամաս, մյուս դիտորդի համար ելք է գրանցվել, ու իր փոխարեն ես եմ մտել, ապա, իմ հեռանալուց հետո, ինքը նորից փորձել է գրանցվել և շարունակել իր դիտորդական առաքելությունը, սակայն նրան մերժել են, հրաժարվել են գրանցել՝ պատճառաբանելով, թե դիտորդներն արդեն չափից դուրս շատ են, ու ծեծելով դուրս են արել իրեն»,- հայտնել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Լիանա Հովհաննիսյանը ուղիղ եթերով հեռարձակել է տեղամասում քվեարկության գործընթացը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խմբերով քվեախցերի հետևում քվեարկում: Հանձնաժողովի նախագահն արդարացել է, թե ինքը բացատրել է, բայց ոչինչ անել չի կարող:

8-րդ ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի անդամ Խանում Ղազարյանը այս առթիվ հայտնել է, թե դիտորդի՝ ծեծի ենթարկվելու մասին տեղեկություն չունեն, իսկ խմբակային քվեարկությունների առնչությամբ հավելել, թե ստացվել է նման ահազանգ, գնացել են այդ ընտրատեղամաս, և ամեն ինչ շտկվել է. այժմ ամեն բան ընթանում է նորմալ:

Ոստիկանությունից ևս հայտնել են, թե միջադեպին ծանոթ են, կատարվում է ուսումնասիրություն:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ։

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---