Նախագահ. ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հարցում փոխզիջմանը, այլ ոչ թե միակողմանի զիջումների

Նախագահ. ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հարցում փոխզիջմանը, այլ ոչ թե միակողմանի զիջումների

PanARMENIAN.Net - ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հարցում փոխզիջմանը, այլ ոչ թե միակողմանի զիջումների: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում:

«Հասկանալի է, որ նախընտրական քարոզչության շրջանում, երբ քաղաքական ուժերը նպատակ ունեն բոլոր միջոցներով հնարավորինս բարձրացնել իրենց վարկանիշը ընտրողների շրջանում, կարող է շահարկվել և հաճախ էլ շահարկվում է գրեթե ամեն ինչ։ Այս անգամ Արցախի հիմնախնդիրն էլ չմնաց չշահարկված։

Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, չստացվեց։ Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ», - ասել է նախագահը։

Նրա խոսքով, իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում` այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ:

«Քսան տարվա վաղեմության այս առաջարկի կողմնակիցները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա դրա մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ։ Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել։

Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է», - ասել է նախագահը։

Նա հավելել է, որ այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։

«Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը։

Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը։ Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք», - նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիան կրկին ցույց տվեց, որ ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։

«Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի։ Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է բանակցային գործընթացում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական այս դրույթներում մեզ համար երկակի մեկնաբանություններ պարունակող ձևակերպումներն անընդունելի են», - ասել է Սարգսյանը։

Նա նշել է. «Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց և պատրաստ ենք ու այսուհետ ևս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով»։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2016-ի դեկտեմբերին ասել էր, որայսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին:Այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։

«Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք: Վաղը կբերեն, կտեսնեք: Ես նույնիսկ հիմքեր ունեմ կասկածելու, որ 1997 թվականից ցածր կարգավիճակ ունի այսօրվա լուծումը»- ասոլ էր Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահն ընդգծել էր, թե այս պահը բաց թողնելու դեպքում հաջորդ տարբերակը Հայաստանի համար ավելի վատն է լինելու:

«Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել: Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ», - ասել էր Տեր-Պետրոսյանը:

Կարդացեք նաև՝ Սարգսյան. ՀՀ արտահանումն առաջիկա 5 տարում պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45%-ը

Նախագահ. Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---