Սարգսյան. ՀՀ արտահանումն առաջիկա 5 տարում պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45%-ը

Սարգսյան. ՀՀ արտահանումն առաջիկա 5 տարում պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45%-ը

PanARMENIAN.Net - Արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՀ ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում:

Նրա խոսքով, նույն միտումը պահպանելով՝ 2040-ին արտահանումը պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը:

Նախագահի խոսքով, համադրված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի՝ ապահովելով 2040 թվականի թիրախային ցուցանիշները:

Անհրաժեշտ է, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի և զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշների տարբերությունը:

Սարգսյանը շեշտել է, որ մասնավորապես, 1990-2015-ի ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ:

«2016-2040-ի ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015-ի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040-ին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները», - ասել է նախագահը:

Սարգսյանի խոսքով, գործարար միջավայրի բարելավման և զբաղվածության խթանման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի հարկային համակարգի և վարչարարության շարունակական բարելավումը: Ժամանակին, երբ հարկային վարչարարությունը դեռևս իր ձևավորման փուլում էր, որոշում էր կայացվել ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը տեղափոխել Հայաստանի Հանրապետության մաքսային սահման:

Նախագահը նշել է, որ այն թեև կոշտ, բայց պրագմատիկ լուծում էր, որը հնարավորություն տվեց ինչ-որ տեղ ի հաշիվ տնտեսական ակտիվության, համեմատաբար քիչ ռեսուրսներով ապահովել հարկահավաքության ծրագրավորված ցուցանիշները:

Նորընտիր ԱԺ-ն ունի 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ ԵԼՔ դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:

Կարդացեք նաև՝ Նախագահ. Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---