Բաբայան. Խոցված հայկական ԱԹՍ-ի մասին լուրն Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունն է

Բաբայան. Խոցված հայկական ԱԹՍ-ի մասին լուրն Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ կապված խոցված հայկական ԱԹՍ–ի հետ: Այդ մասին հայտարարել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանի ՊՆ-ն հունիսի 21-ին հայտարարել էր շփման գծում հայկական ԱԹՍ–ի ոչնչացման մասին։

«Այդ նորությունը հերթական խայծն ու ապատեղեկատվություն է։ Դա շատ նման է նրան, թե ինչպես երեկ Ադրբեջանում ներկայացրեցին այն խեղճ մարդուն, որը մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի սահմանին։ Նրան ադրբեջանական զրահաբաճկոն էին հագցրել և ներկայացրել որպես աշխարհում ամենահայտնի կոմանդոս»,-ասել է Բաբայանը, հայտնում է «Sputnik Արմենիան»։

Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: Ավելի ուշ Վանաձորի քաղաքապետը հայտնեց, որ Զավեն Կարապետյանը տարօրինակություններ ուներ, առողջական խնդիրներ, բնակության վայր, տուն ու հարազատներ չունի:

Բաբայանի խոսքով` խոցված ԱԹՍ-ի մասին ապատեղեկատվությունը նույն շարքից է։ Նա նշել է, որ Ադրբեջանի նման գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան ՄԱԿ–ի և այլ կառույցների կողմից, հատկապես այն կառույցների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ։

«Ադրբեջանի գործողությունները տվյալ դեպքում անմարդկային են»,– ընդգծել է Բաբայանը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով գերեվարված հայ զինծառայողի մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը, ասել է, որ Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Նրա խոսքով` հայկական ԶՈՒ–ն որևէ դիվերսիոն գործողությունների չի դիմել, զոհերի և գերի ընկած զինծառայողների մասին խոսակցություններն անհիմն են։

Ընթերցեք նաև.Վանաձորի քաղաքապետ. Ադրբեջանի սահմանը հատած քաղաքացին առողջական խնդիրներ ունի, հարազատներ չունի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---