// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երբ պետությունում հաշվել չգիտեն. Սոցվճարներն ու պահումները «փակում են» մանկապարտեզի վարձը

Երբ պետությունում հաշվել չգիտեն. Սոցվճարներն ու պահումները «փակում են» մանկապարտեզի վարձը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ից սոցիալական ցանցերի թոփ-թեման մանկապարտեզներն են: Եվ հարցն ամենևին էլ ավանդաբար թանկացած ծաղկեփնջերի ու փուչիկների գները չեն, կամ էլ՝ մշտական ու ցավոտ թեման՝ դրամահավաքությունը: Ամեն ինչ շատ ավելի բարդ է: Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանը վերջին օրով՝ օգոստոսի 31-ին, նոր որոշում է ընդունել, ըստ որի 3 տարին չլրացած երեխաներն այլևս չեն կարող հաճախել մանկապարտեզ:

Ծնողները պնդում են՝ խոսքը ոչ միայն 2015 թվականին ծնված՝ 2 տարեկան երեխաներին է վերաբերում, այլև նրանց, որ ծնվել են 2014-ի սեպտեմբերի 1-ից հետո:

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Երեխայի նախադպրոցական հաստատություն հաճախելու համար հերթագրումն իրականացվում է ծնողի դիմումի հիման վրա, երեխայի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո... ընդ որում՝ մինչև 3 տարեկան երեխաների հաշվառումը և ընդունելությունն իրականացվում է տվյալ մանկապարտեզում 2-ից մինչև 3 տարեկան տարիքային փուլի համար անհրաժեշտ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում», սակայն չի պարզաբանվում՝ որոնք են այդ համապատասխան հնարավորությունները:

Բանն այն է, որ դեռ նախորդ տարի՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, 2013 թվականին ծնված բոլոր երեխաները մանկապարտեզ հաճախելու իրավունք ունեին, եթե պատշաճ հերթագրում էին անցել: Իսկ հիմա առավելությունը տրվելու է այն երեխաներին, որոնք ծնվել են մինչև օգոստոսի 31-ը:

Հարցը, գուցե, այսքան ցավալի չէր լինի, եթե այն ընդունվեր նոր ուսումնական տարվա մեկնարկից գոնե 1 ամիս առաջ, այլ ոչ թե՝ նախօրեին:

Իսկ հիմա մի պահ պատկերացրեք այն ծնողներին, ովքեր պատրաստվել են իրենց, օրինակ, 2 տարեկան 10 ամսական երեխային սեպտեմբերի 1-ին ճանապարհել մանկապարտեզ, գնել են ծաղիկներն ու փուչիկները... և այդ պահին նրանց զանգահարում են մանկակապարտեզից ու տեղեկացնում՝ վաղը չգաք, քաղաքապետարանից նոր հրաման ենք ստացել: Սոց. կայքերում էլ ավելի զրահուրելի դեպքեր են նկարագրվում՝ ծնողները սեպտեմբերի 1-ին երեխաներին տարել են մանկապարտեզ, սակայն դռներից ներս չեն կարողացել անցնել. ասել են՝ հետ գնացեք, նոր հրաման ունենք...

Բնական է, որ սա հարուցել է ծնողների դժգոհությունը: Էլ չեմ խոսում պատճառված անհարմարության մասին. մարդիկ իրենց կյանքն են պլանավորել, ծրագրել, պայմանավորվել գործատուի հետ՝ երեխայի խնամքի արձակուրդից հետո վերջապես աշխատանքի վերադառնալու համար: Ի՞նչ է մնում նրանց անել. ընտրությունը մեծ չէ՝ վճարովի մանկապարտեզները կան ու կան:

Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոց. հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ կիսում է ծնողների մտահոգությունն այս հարցում: Նա նշեց, որ ինքն էլ եղել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է Աննա Ստեփանյանի մոտ, բարձրաձայնել առկա հանրային դժգոհության ու մտավախությունների մասին:

«Իրենց հիմնական պատասխանն այն է, որ դադարեցնելով հերթագրումն ու ընդունելով միայն 3 տարեկանը լրացած երեխաներին, փորձում են հասկանալ, տեսնել իրական պատկերը՝ մանկապարտեզներում որքան լրացուցիչ տեղերի կարիք կա»,- նշեց Հարությունյանը:

Բայց հիմա դրանից չէ, որ ուզում եմ խոսել: Ասում են՝ Սովետական միության տարիներին մսուր-մանկապարտեզները երեխաներին ընդունել են անգամ 10-11 ամսականից՝ «եթե քայլում է, ուրեմն կարող է գալ»: ԽՍՀՄ-ում ամեն ինչ անում էին՝ մայրերին, բոլոր քաղաքացիներին աշխատելու հնարավորություն տալու համար: Որովհետև պարզ հաշվարկ էր գործում՝ աշխատող կինն ավելի շատ օգուտ է տալիս պետությանը, քան նույն պետությունը ծախսում է մեկ երեխայի մանկապարտեզ հաճախելու վրա:

Իսկ ինչո՞ւ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում մեր քաղաքապետարանում: Մենք մի պարզ հաշվարկ արեցինք, ըստ որի 130.000 հազար դրամ առձեռն (մաքուր) աշխատավարձ ստացող քաղաքացին վճարում է մոտ 20.000 դրամ ընդհանուր պահումներ (սոցվճար, եկամտահարկ): Բացի այդ, ևս 21.000 դրամ է կազմում գործատուի կողմից վճարվող սոցվճարը (այն տատանվում է 3.900-ից 25.000-ի սահմաններում): Ստացվում է, որ մոտ 130.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու աշխատանքի դիմաց պետբյուջե է մուտքագրվում ավելի քան 40.000 դրամի տարբեր տեսակի հարկեր:

Սրան զուգահեռ ներկայացնենք ևս մեկ թիվ. Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի ծախսը սահմանել է ամսական 18.000 դրամ:

Բարձրագույն մաթեմատիկայի իմացությունն ամենևին էլ պարտադիր չէ՝ հասկանալու, որ պետությանը շատ ավելի ձեռնտու է երիտասարդ մայրերին աշխատանքով ապահովելը կամ առնվազն աշխատելու հնարավորություն ընձեռելը, քան նմանատիպ քայլերով նրանց ևս մի քանի ամիս (տարի) պարապուրդի մատնելը:

Եվս մեկ փաստ. երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերն անաշխատունակության նպաստ ստանում են ընդամենը 2 տարի՝ այն էլ ընդամենը 18.000 դրամի չափով:

Ի դեպ, ասում են՝ նախադպրոցական կրթություն ստանալու իրենց երեխայի իրավունքները պաշտպանել ցանկացող ծնողները Գիտելիքի ու դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, քաղաքապետարանի դիմաց ցույցի են դուրս գալու՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունները:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Դեպի Իսպանիա վիզայի տրամադրումը այժմ հնարավոր կլինի իրականացնել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝
Հոկտեմբերի 31-ին աշխարհի անգլալեզու երկրներում՝ ԱՄՆ, Բրիտանիա, Իռլանդիա, Շոտլանդիա, եվրոպական մի շարք երկրներում, անգամ ԱՊՀ տարածքում նշում են Հելոուինը
Ծրագրի իրականացման համար անցկացվող դրամահավաքի մեծ մասը հատկացվելու է շինարարարական աշխատանքներին