9 հոկտեմբերի 2017 - 14:12 AMT
Պիզելի. Հավաքականի պարտություններում նաև ֆեդերացիայի նախագահն է մեղավոր

Ֆուտբոլի հավաքականի պարտությունների համար մեղավոր են բոլորը, այդ թվում նաև Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Մարկոս Պիզելին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն 4 անընդմեջ պարտությունից հետո Ղազախստանի հետ ոչ ոքի (1:1) արդյունքով ավարտեց ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Հայաստան-Ղազախստան խաղից հետո Մարկոս Պիզելին հայտարարել է, որ հավաքականի պարտությունների համար մեղավոր են բոլորը, այդ թվում ինքը: «Արդեն չենք կարող խաբել. բոլորն են մեղավոր. Ֆեդերացիայի նախագահը մեղավոր է, Վարուժան Սուքիասյանը մեղավոր է: Մենք, որպես թիմ, շատ վատ ենք խաղացել», -ասել է Պիզելին, հայտնում է Vivaronews.am-ը:

Պիզելին ասել է նաև, որ վատ է զգում, որ չի կարողանում վատառողջության պատճառով կանգնել թիմի կողքին և խաղի կեսից դուրս է եկել:

Իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն իր հերթին ասել է, որ հավաքականին նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետև այսօրվա կազմի 80%-ն խաղում է հավաքականում երկար տարիներ և գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։