9 հոկտեմբերի 2017 - 11:13 AMT
Արթուր Պետրոսյան. Ֆուտբոլի մակարդակը համապատասխնում է երկրի կենսամակարդակին

Ֆուտբոլի մակարդակը Հայաստանում համապատասխնում է երկրի կենսամակարդակին: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն Աստանայում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հավաքականի ջախջախիչ պարտությանը Լեհաստանի հետ խաղում, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հավելել է, որ ՀՖՖ նախագահի հետ հանդիպումից հետո միայն կկարողանա որոշում կայացնել: «Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել»,-ասել է նա

Խոսելով հոկտեմբերի 8-ին կայացած Հայաստան-Ղազախստան խաղի մասին՝ նա ասել է, որ խաղը շատ հետաքրքիր ստացվեց, մասնավորապես խաղի մեկնարկը, փոխադարձ գրոհներով։

Հայաստան-Ղազախստան խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Նա հավելել է. «Կարելի է ասել, որ թիմերը շատ սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում: Առաջին խաղակեսում մենք տիրում էինք նախաձեռնությանը, գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք, ցավոք չկարողացանք երկրորդ գոլը խփել։ Իսկ երկրորդ խաղակեսում մեր տղաները մի փոքր հոգնել էին, հարկադրված փոփոխություն կատարեցինք և խաղը չստացվեց։ Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականն իր խաղով արժանի էր մեկ միավոր վաստակելու»։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով կարելի է հանդիպումն արդարացում համարել երկրպագուների առջև 1:6 հաշվով պարտությունից հետո՝ Պետրոսյանն ասել է. «Համենայնդեպս, այսօր բոլոր տղաները պայքարում էին, աշխատում էին դաշտում, որպեսզի առավելագույն արդյունքի հասնեն։ Չեմ կարող ասել, բավարարված են երկրպագուները թե ոչ, բայց ես տղաներին ասել եմ, որ այսօր իրենք արել են ամեն ինչ դրական արդյունքով խաղն ավարտելու համար»։

Խոսելով այն մասին, թե Հենրիխ Մխիթարյանը խաղում էր ամբողջ ուժով, թե՞ խնայում էր ուժերը՝ նա ասել է. «Ես 100%-ով համոզված եմ, որ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը։ Հենրիխը օգնում է թիմին և թիմը պետք է օգնի Հենրիխին»։

Խոսելով ներկա կազմի հեռանկարների մասին, մասնավորապես պատասխանելով հարցին, թե սա թիմի առավելագույն հնարավորություններն են, թե՞ ավելացնելու տեղ կա՝ նա ասել է .«Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո և կկրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետև այսօրվա կազմի 80%-ն խաղում է հավաքականում երկար տարիներ և գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետև այս խաղով մենք ոչ մի հնարավորոթյուն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում և հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու։

Ինչպես գիտեք մեր առաջնությունում հանդես է գալիս ընդամենը վեց թիմ, ֆուտբոլիստների պակաս կա, մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտերկրում։ Կարծում եմ, որ ֆուտբոլի մակարդակը համապատասխնում է երկրի կենսամակարդակին»։