Հուսեյնլի. Թվում է՝ ինձ ուզում են առևանգել և ապօրինի Ադրբեջան տանել

Հուսեյնլի. Թվում է՝ ինձ ուզում են առևանգել և ապօրինի Ադրբեջան տանել

PanARMENIAN.Net - Կիևում ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլիին Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փոխանցել է ոստիկանությանը, նրա գործը հոկտեմբերի 16-ին քննելու է Կիևի դատարանը:

Հոկտեմբերի 14-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, որը քաղաքական պատճառներով տարիներ առաջ արտագաղթել է Նիդերլանդներ:

Նրա դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ սահմանի ապօրինի հատման և խարդախության համար հոդվածներով: Լրագրողը հերքում է մեղադրանքները:

«Օրինական ճանապարհով ինձ անհնար է Ադրբեջանին հանձնել: Բայց թվում է՝ ինձ ուզում են առևանգել և ապօրինաբար Ադրբեջան տեղափոխել, ինչպես Աֆգան Մուխթարլիին», ասել է Հուսեյնլին՝ հավելելով, որ օդանավակայանում այժմ ներկա են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները:

Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին առևանգել ու Ադրբեջան են տեղափոխել։ Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։

Հուսեյնլիի ձերբակալության մասին իրազեկվել է Նիդերլանդների ԱԳՆ-ն, որի քաղաքացիությունն ունի Հուսեյնլին, գրում է Contact.az-ը:

Հուսեյնլին ունի Նիդերլանդների քաղաքացիություն և համագործակցում է արտերկրից հեռարձակվող ադրբեջանական ընդդիմադիր Turan TV հեռուստաալիքի հետ:Հուսեյնլին հեռացել է Ադրբեջանից 10 տարի առաջ՝ երբ նրան առևանգել էին և դաժան ծեծի ենթարկել: Առևանգողներն այդպես էլ չհայտնաբերվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---