// IP Marketing video - START// IP Marketing video - END

Դեկտեմբերից 16.000 աղջիկ կպատվաստվի պապիլոմավիրուսի դեմ

Դեկտեմբերից 16.000 աղջիկ կպատվաստվի պապիլոմավիրուսի դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերից պատվաստումների օրացույցում նոր պատվաստում է ներառվելու: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի նոյեմբերի 9-ի նիստում:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով: Ըստ նրա՝ վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական դիրքորոշմանը, համաձայն որի պլանային պատվաստումներն առաջարկվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ 2 դեղաչափ սխեմայով: Նախատեսվում է պատվաստել 13 տարեկան 16.000 աղջիկ, հայտնում է Panorama.am-ը:

Լևոն Ալթունյանի խոսքով՝ Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր հիվանդացություն ունեցող երկրների շարքում: Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 250-300 նոր դեպք, իսկ տարեկան արգանդի վզիկի քաղցկեղից մահանում են միջինում 100-130 կին: Միայն 2015-ին արձանագրվել է մահվան 127 դեպք, 2016-ին՝ 116 մահվան դեպք»,- ասաց նախարարը:

Նշվել է նաև, որ միայն 2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 257 նոր դեպք (100.000 կանանց հաշվով ցուցանիշը 16.4), որոնցից 153-ը՝ (59.5% ) 3-րդ և 4-րդ փուլերում: 2016-ին գրանցվել է 243 նոր դեպք (ցուցանիշը՝ 15.5): Սա նշանակում է, որ մեր երկրում հիվանդության դեպքերը հայտնաբերվում են շատ ուշացած փուլերում, որի արդյունքում մահացությունը բավականին բարձր է։

Լևոն Ալթունյանի խոսքով՝ ՄՊՊ-ի դեմ պատվաստանյութերն ունեն բարձր արդյունավետություն, նույնիսկ 1 դեղաչափ պատվաստումն ապահովում է բարձր արդյունավետություն առողջ ազգաբնակչության շրջանում:

Նշվել է նաև, որ ԳԱՎԻ-ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) աջակցությամբ Հայաստանին տրամադրվել է 32400 դոզա «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութ: Համաձայն Գավի կազմակերպության և արտադրող ընկերությունների հետ ձեռքբերված երկարաժամկետ պայմանավորվածության՝ Հայաստանը պատվաստանյութը գնելու է անհամեմատ ցածր գներով՝ 1 դեղաչափը 4.5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

2015 թվականի հունվարից Հայաստանում իրականացվում է արգանդի պարանոցի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման սքրինիգային ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականներին իրականացվել է 111956 կնոջ հետազոտություն՝ ՊԱՊ-թեսթի միջոցով, ընդ որում 35%-ը՝ 30-40 տարեկան, 30.1%-ը՝ 41-50 տարեկան, 36.4%-ը՝ 51-60 տարեկան: Հետազոտությունների արդյունքում 6.4% կանանց մոտ հայտնաբերվել են արգանդի պարանոցի տարբեր աստիճանի ախտաբանական փոփոխություններ, իսկ 0.5%-ի մոտ՝ ինվազիվ կարցինոմա:

Ընթերցեք նաև.ԱՆ. Պապիլոմայի դեմ պատվաստումների անվտանգության փաստարկները համոզիչ են

 Ուշագրավ
Դեպի Իսպանիա վիզայի տրամադրումը այժմ հնարավոր կլինի իրականացնել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝
Հոկտեմբերի 31-ին աշխարհի անգլալեզու երկրներում՝ ԱՄՆ, Բրիտանիա, Իռլանդիա, Շոտլանդիա, եվրոպական մի շարք երկրներում, անգամ ԱՊՀ տարածքում նշում են Հելոուինը
Ծրագրի իրականացման համար անցկացվող դրամահավաքի մեծ մասը հատկացվելու է շինարարարական աշխատանքներին