Ալիևը սպառնում է՝ «Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական հողերն են»

Ալիևը սպառնում է՝ «Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական հողերն են»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: Դիմելով ադրբեջանցի երիտասարդներին՝ նա ասել է, թե «չի կարելի մոռանալ պատմական հողերի մասին»:

Տարածաշրջանում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բաքվում Ալիևի հանդիպումից հետո նրանք փետրվարի 8-ին ժամանել են Երևան։

«Դա պետք է դառնա մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես և այժմ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր պատմական հողերն են Երևանի խանությունն ու Զանգեզուր-Գյոյչան»,-ասել է նա, հայտնում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ ապագայում հարկավոր է ավելի ակտիվ լինել այդ հարցում և այդ թեմայով ցուցահանդեսներ ու շնորհանդեսներ անցկացնել աշխարհի տարբեր վայրերում: «Որովհետև Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական հողերն են, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Երևանը 1918-ին հայերին նվիրելու մասին, ասել էր. «Ավելորդ չէր լինի հնարավորություն տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մասնակցել Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումներին»։ «Առաջին անգամը չէ, որ Բաքվից այդպիսի հայտարարություններ են անում: Դա մոտավորապես այն շարքից է, որ ասում են Արցախն էլ պատմական Ադրբեջանի տարածք է», - նշել էր Նալբանդյանը:

Ադրբեջանցի պատմաբանները, պետական այրերն ու քարոզիչները պարբերաբար հայտարարում են Անդրկովկասյան ֆեդերացիայի փլուզման ու Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախացման փուլում Երևանը հայերին որպես մայրաքաղաք «նվիրելու» կամ անգամ 100 տարով այն «ժամանակավորապես հանձնելու» մասին։

Ընթերցեք նաև.ԱԳՆ խոսնակ. Ալիևի խոսքերը նույնիսկ Ադրբեջանում են ծաղրում

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---