Ղարաբաղյան շարժում. Երևանում առաջին հանրահավաքից 30 տարի է անցել

Ղարաբաղյան շարժում. Երևանում առաջին հանրահավաքից 30 տարի է անցել

PanARMENIAN.Net - 1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։

Հրապարակն անկախ Հայաստանի հետագա տասնամյակներին երբեք այդքան մարդաշատ չի եղել։ «Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է», «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու». հանրահավաքների ընթացքում հնչող ելույթներն ու մասնակիցների պարզած պաստառների գրությունները հետագայում դարձան շարժման պատմությունը խտացնող խոսքեր սերունդների համար:

Ցույցերի ավանդական վայր դարձավ նաև Մատենադարանին հարող տարածքը։

1988-ի փետրվարի 12-ին սկսվեց ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը: Ամեն ինչ մեկնարկեց Հադրութի հանրահավաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք: Հոմիտեն հետագայում վերափոխվեց «Ղարաբաղ» կոմիտեի:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ:

Կարդացեք նաև՝ «Ղարաբաղյան շարժում. Ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ին Հադրութի հանրահավաքից»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---