26 փետրվարի 2018 - 11:50 AMT
Նախարարություն. Թեղուտի հանքի շահագործման կանգը զգալի սոցիալ-տնտեսական ազդեցություն ունի

Տնտեսության մեջ մեծ դերակատում ունեցող Թեղուտի պղնձամոլիբդենային ձեռնարկության կանգ ունի զգալի տնտեսական և սոցիալական ազդեցություն: PanARMENIAN.Net ի հարցման ի պատասխան, այս մասին հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

Նշվում է, որ ընկերության հետ նախարարության քննարկումները հուսադրում են, որ կազմակերպության ղեկավարության կողմից արվում է հնարավոր ամեն բան՝ սեղմ ժամկետներում բնականոն արտադրական ռեժիմին վերադառնալու ուղղությամբ:

«Ձեռնարկության կանգառը պայմանավորված է տեխնոլոգիական անվտանգության բարձրացման անհրաժեշտությամբ: Ընկերությունից պարզաբանումներ են ստացվել այն մասին, որ առաջիկա շաբաթներին միջազգային հեղինակությամբ փորձագետների մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում կտրվի եզրակացությունն այն մասին, թե ինչ միջոցառումներ են անհրաժեշտ՝ արտադրության վերսկսման արդյունքում երկարաժամկետ տեխնոլոգիական անվտանգությունը երաշխավորելու համար», - ասվում է պատասխանի մեջ:

Ընթերցեք նաև. Հատված անտառներ և մեծ փողեր. Թեղուտի գործունեության 12 տարին թվերով:

Ավելի վաղ, «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարել էին, որ դադարեցնում են Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Նշվում էր, որ ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։

Ընկերությունը հայտարարում էր նաև, որ չի կարողանա իր մոտ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան աշխատավարձով: