Դեսպան. Պուտինի՝ Փաշինյանին չշնորհավորելու պատճառն արարողակարգն է

Դեսպան. Պուտինի՝  Փաշինյանին չշնորհավորելու պատճառն արարողակարգն է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ «արարողակարգի գործոնի պատճառով»:

«Պատճառն արարողակարգի գործոնն է: Միջպետական արարողակարգը նման շնորհավորանք չի նախատեսում: Շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ նշանակում է կատարվում: Մենք այդ հարցին մեծ ուշադրություն ենք դարձնում», - ասել է ՌԴ դեսպանը:

Նա ասել է, որ ռուսական կողմը տրամադրված է Հայաստանի նոր ղեկավարության և խորհրդարանի հետ կառուցողական փոխգործակցությունը շարունակմանն ու զարգացմանը:

Դեսպանի խոսքերը, սակայն, որ ՌԴ իշխանությունները կարևորում են իր նշած արարողակարգի պահպանումը, հակասում են իրականությանը. մասնավորապես 2016 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերբիայի վարչապետին՝ ընտրություններում նրա ղեկավարած ուժի հաղթանակի առթիվ: 2018 թվականին Կրեմլից շնորհավորական ուղերձ էր հղվել նաև Ճապոնիայի վարչապետին՝ կուսակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ եղած ժամանակ շնորհավորել է Մոլդովայի նախագահին՝ նրա կուսակցության հաղթանակի առիթով, վարչապետի պաշտոնում նա նույնպես շնորհավորել է Սերբիայի վարչապետին:

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններում 49.12% ձայն հավաքած նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Պուտինը շնորհավորել է ընտրությունների հաջորդ օրը:

Ընթերցեք նաև՝ «Արտահերթից 4 օր անց Մոսկվան այդպես էլ չի շնորհավորել Փաշինյանին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---