Արտահերթից 4 օր անց Մոսկվան այդպես էլ չի շնորհավորել Փաշինյանին

Արտահերթից   4 օր անց Մոսկվան այդպես էլ չի շնորհավորել  Փաշինյանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ:

Մինչդեռ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններում 49.12% ձայն հավաքած նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Պուտինը շնորհավորել է ընտրությունների հաջորդ օրը:

Ի հակադրումն ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության բարձր մակարդակով շնորհավորանքների և ՀՀ-ի նոր իշխանություններին սատարելու մասին հայտնած պատրաստակամության, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը անդրադարձել է ՀՀ-ում արտահերթին ընտրություններից միայն չորս օր անց՝ երկրի արտաքին գործերի գերատեսչության մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի մակարդով: Ընդ որում՝ անդրադարձը եղել է ոչ թե առանձին հայտարարության տեսքով, այլ Զախարովայի հերթական ճեպազրույցի ընթացքում:

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարն իր հայտարարությունում այդպես էլ, ըստ էության, չի շնորհավորել ոչ Հայաստանի ժողովրդին, ոչ էլ խորհրդարանական ընտրություններում աննախադեպ բարձր՝ մոտ 70.5% վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

ՌԴ ԱԳՆ-ն ընդամենն արձանագրել է՝ ընտրություններն անցել են օրենքի շրջանակում, առանց խախտումների և կառուցողական երկխոսության ակնկալիք է հայտնել Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում: Ի դեպ, Փաշինյանին չեն շնորհավորել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները:

PanARMENIAN.Net – ը, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ զրույցում հետաքրքրվեց, թե լինելու է արդյոք շնորհավորանք Կրեմլից:

Ի պատասխան, Նաղդալյանն ասաց, որ ԱԳՆ-ում արձանագրել են, որ եղել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՌԴ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը:

Ի դեպ, Վլադիմիր Պուտինն օգոստոսի 31-ին շնորհավորել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---