Մխիթարյանի Բաքու չմեկնելը՝ Բրիտանիայի խորհրդարանի քննարկման առարկա

Մխիթարյանի Բաքու չմեկնելը՝ Բրիտանիայի խորհրդարանի քննարկման առարկա

PanARMENIAN.Net - «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ քննարկումները հասել են բրիտանական խորհրդարան:Լեյբորիստների խմբակցության փոխղեկավար Թոմ Վաթսոնը Թվիթերի իր էջում հրապարակել է Համայնքների պալատում տեղի ունեցած քննարկման տեսագրությունը՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը «սկանդալ է և լիակատար ձախողում»:

«ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը փաստում է, որ յուրաքանչյուր ոք խաղին մասնակցելու իրավունք ունի՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրից է գալիս, կամ ինչպես է խաղում: Սակայն հաջորդ շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր կյանքի ամենակարևոր հանդիպումներից մեկը, քանի որ սերում է Հայաստանից: Հայկական ազգանուններով «Արսենալի» երկրպագուները նույնպես զրկվել են մուտքի անցագրերից և չեն կարողանա մեկնել Բաքու: Սա սկանդալ է, սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է, և եթե ես լինեի արտգործնախարար, ես հստակ կընդգծեի ՈւԵՖԱ-ի առաջ, որ սա խիստ անընդունելի է», - գրել է Վաթսոնը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պատգամավորների՝ ելույթը ողջունող և ոգևորող վանկարկումներից հետո ընդդիմադիր կուսակցության ղեկավար անդամը հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ պահանջել, որ այսուհետ խտրական վերաբերմունք դրսևորող և այլ երկրների երկրպագուներին մուտքի արտոնագրերից զրկող երկրները չեն հյուրընկալելու մրցաշարի հանդիպումները:

Կառավարության ներկայացուցիչն ընդունել է ընդդիմության քննադատությունը՝ ընգդծելով, որ Լոնդոնը մտադիր է այս հարցը դնել ՈւԵՖԱ-ի առաջ:

«Ֆուտբոլը պետք է լինի յուրաքանչյուրինը, և մենք բոլորս վստահ ենք, որ դա վերաբերում է ոչ միայն մեր երկրում անցկացվելիք խաղերին, այլև երկրպագուներին, որոնք ուզում են ճամփորդել աշխարհով մեկ: Եվ շատ կարևոր է, որ մենք այս հարցը քննարկենք ՈւԵՖԱ-ի հետ, ինչպես որ արդեն արել ենք՝ հստակ ընդգծելով, որ այն երկրները, որոնք հյուրընկալում են խաղերը, պետք է ողջունեն նաև ֆուտբոլասերներին։ Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուզում են երկրպագել իրենց թիմին, պետք է կարողանան դա անել ազատորեն: Հակառակ դեպքում ֆուտբոլը չի հասնում այն նպատակներին, որոնց պետք է հասներ», - ասել է Միացյալ Թագավորության Երիտասարդության, մշակույթի, սպորտի նախարար Ջերեմի Ռայթը:

Խորհրդարանական քննարկումներին զուգահեռ ստորագրահավաք է սկսվել change․org կայքում, որը կոչ է անում բոյկոտել Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը, և խաղը Լոնդոն տեղափոխել:«Եզրափակիչը Բաքու տանելով՝ ՈւԵՖԱ-ն անամոթաբար իր եկամուտները վեր է դասել խաղի անձեռնմխելիությունից ու խաղացողների անվտանգությունից», - պնդում է խնդրագիրը, որը մի քանի ժամվա ընթացքում մոտ երկու հազար երկրպագու է ստորագրել:

Նույն՝ BoycottBaku հեշթեգով արշավ է սկսվել նաև Թվիթերում: «ՈւԵՖԱ-ն միայն փողի մասին է մտածում, չի կարելի թույլ տալ, որ այս հիասքանչ խաղն անցկացվի նման երկրում», - գրում են երկրպագուները:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշմանն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---