15 ապրիլի 2021 - 14:42 AMT
Բաբայանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը։

ԱԳ նախարարը նշել է, որ Արցախը երբևիցե չի լինելու Ադրբեջանի ենթակայության տակ, և հավելել, որ անվտանգությունն ու ԱՀ ժողովրդի ինքնորոշման փաստը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են, տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

Բաբայանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ միաժամանակ մատնանշելով պաշտոնական Բաքվի բացահայտ անհարգալից վերաբերմունքը միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների նկատմամբ։

ԱՀ արտգործնախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը, զրուցակիցները քննարկել են Արցախում հետպատերազմական ճգնաժամի հաղթահարմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով կողմերին որքան հանարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Համանախագահները նաև հիշեցնում են կողմերին, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ մնացած խնդրահարույց հարցերի լուծման և կայուն խաղաղության հաստմանը միտված վստահության մթնոլորտի ձևավորման համար։ Համանախագահներն ընդգծել են, որ պատրաստ են վերսկսել աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական գործառույթները։