18 հունվարի 2017 - 13:22 AMT
Թալիշում համայնքապետարան և հանդիսությունների սրահ է կառուցվում

Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում սկսվել են համայնքապետարանի և հանդիսությունների սրահի կառուցման շինարարական աշխատանքները՝ իրենց օժանդակ ենթակառույցներով: Այս մասին ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և հավելել, որ պատրաստ են նաև 50 բնակելի տների տեղակապման նախագծերը, հայտնում է «Արցախպրես»-ը:

«Արդեն պատրաստ է Թալիշի ամբողջական վերականգնման ծրագիրը: Շինարարության առաջին փուլում սկսված են քանդման ու հարթեցման աշխատանքները: Արդեն ծավալվել է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը: Առաջիկա օրերին կսկսվի նոր դպրոցի և մանկապարտեզի կառուցումը: Նոր ուսումնական տարում Թալիշում կհնչի դպրոցական առաջին զանգը»,- հավելել է Կ. Շահրամանյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, Թալիշի բնակիչներին տրվելու են արտոնյալ պայմաններ:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարի խոսքով՝ բոլոր կառույցներն իրականացվում են գյուղի՝ անվտանգ և թշնամու կողմից չդիտարկվող հատվածներում, որոնք պարտադիր կունենան ապաստարաններ:

ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որ Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված կլինի

Նա հայտարարել էր, նաև օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկերի և էլեկտրաէներգիայի մասով սահմանվելու են մեծ արտոնություններ: