28 մարտի 2017 - 16:06 AMT
ԿԱՐԾԻՔ
Ազգային դպրոց և դպրոց, որը պետք է ազգին

Տեսե՞լ եք Մել Գիբսոնի «Ապոկալիպտո» ֆիլմը՝ Յուկատանի ջունգլիներում հնդկացիների պայքարի մասին: Եթե ոչ՝ տպավորությունը չփչացնելու համար փակեք հոդվածն ու գնացեք դիտելու: Եթե այո՝ անկասկած, հիշում եք արևի խավարման դրվագը: Բուրգի գագաթին կանգնած էլիտան մարդկային զոհաբերություններ է անում՝ աստվածներին, ու նետում դիերը ցած՝ ժողովրդին: Սկսվում է խավարումը: Ժողովրդի մոտ պանիկա է: Քուրմը դիմում է ժողովրդին վեհ ճառով ու խնդրում աստծուն. «Ցու՛յց տուր, որ գոհ ես, տու՛ր մեզ լույսը Քո արևի»: Խավարումն ավարտվում է, բուգի ստորոտում ժողովուրդն էքստազի մեջ է: Գագաթին կանգնածներն էլ քահ-քահ ծիծաղում են. ի տարբերություն հոտի, նրանք նախօրոք գիտեին՝ խավարում էր լինելու, ու արևը հետ էր դառնալու:

Դրվագը լավագույնս բացատրում է «ազգ-էլիտա» փոխհարաբերությունների՝ էլիտայի համար նախընտրելի սցենարը. մենք վերևում, դուք՝ ներքևում, մենք՝ կիրթ, դուք՝ անգրագետ, մենք՝ ռացիոնալ, դուք՝ էմոցիոնալ: Հայաստանում արևի խավարումով ոչ մեկի չես խաբի, ուստի օգնելու է գալիս դպրոցը: Այն դպրոցը, որի 114 տնօրեն օրերս յուրատեսակ «ինքնախոստովանականներ» տվեցին իշխանությանն աջակցելու վերաբերյալ:

Մի պահ շեղվենք ու մեջբերենք վիճակագրություն. «մաթեմատիկա» առարկայի միջին միավորն ընդունելության քննություններին 9 տարում 14-ից ընկել է մինչև 11, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության միավորները 10-12-ի սանդղակում են տատանվում: 2016-ին կտրվել էր մաթեմատիկա հանձնողների 15%-ը, ֆիզիկայի 24%-ը: Այս անկման ֆոնին մեզ անվերջ պատմում են դպրոցում հայրենասեր սերունդ դաստիարակելու անհրաժեշտության մասին, մտցնում են ազգային պար ու եկեղեցու պատմություն: Փորձեք ասել՝ «պարը չէ կարևորը, այլ մաթեմատիկան»: Դուք կբախվեք ազգային դաստիարակության անհրաժեշտության մասին էմոցիոնալ ելույթների, ձեզ կասեն «երեխաներին դուր է գալիս», ձեզ կպատմեն, որ մենք պատերազմող ազգ ենք, որ դպրոցը հայրենանվեր անձանց պիտի կրթի: Նույն խոսքերով՝ «հայրենանվեր սերունդ ենք կրթում», պաշտպանում էր գործընկերներին «Ազատության» եթերում «խոստովանական» տված տնօրեններից մեկը:

Եթե գոնե վստահ լինեինք, որ տնօրենները (կամ մեծամասնությունը) իրոք ՀՀԿ-ի գաղափարական աջակիցներն են, միգուցե ուրախանայինք էլ քաղաքացիական ինքնագիտակցության նշույլների համար: Խնդիրն այն է, որ նրանք ՀՀԿ-ին չեն աջակցում, այլ իշխանությանը՝ անկախ նրա գույնից ու հապավումից: ՀՀԿ, ՀԿԿ, ՀՀՇ՝ միշտ մեկ էր, ու վաղն էլ մեկ է լինելու: Կրթական համակարգը այսօր մի կողմից ընտրությունների ժամանակ իշխանության օգտին աշխատելու ռեսուրս է, մյուս կողմից՝ պարել իմացող, բայց մաթեմատիկայից քիչ տեղյակ սերունդ կրթելու մեխանիզմ: Արդարացումն երկու դեպքում, ինչպես տեսանք, նույնն է՝ «մենք հայրենանվեր սերունդ ենք կրթում»:

Այդ «հայրենասեր երեխա կրթելու» ֆունկցիան այնքան է արժեզրկվել, որ պետք է անընդհատ կրկնել. թերուս, բայց պարել իմացող երեխաներ կրթելը ու հետն էլ ամեն գույնի իշխանությանն աջակցելը հայրենասիրություն չէ, այլ հայրենաքանդություն: Ու, առհասարակ, նույնիսկ ապաքաղաքական դպրոցի գործը չէ՝ կսիրի երեխան հայրենիքը, թե ոչ, դպրոցի գործը մաթեմատիկա, լեզուներ ու պատմություն սովորացնելն է: Որակյալ կրթություն ստացած, ինքնուրույն մտածելու ունակ երեխան կսիրի հայրենիքը՝ առանց դասատուի կողմից պաթոսի ներարկումների:

Սակայն հասարակության մեծամասնությունը չի մերժում ոչ միայն դպրոցների քաղաքականացվածությունը, այլն նաև ֆիքսվել է դաստիարակչական մասի վրա՝ կրթության պրոբլեմներն անտեսելով: Դասագրքերի բովանդակությունը, կրթության ոլորտում բարեփոխումներն ու ձախողումները, գրադարանների վիճակը մարդկանց հուզող թեմաների մեջ չեն մտնում: Ուստի՝ 20 տարի անց էլ հասարակությունը «ազգային դպրոցներում» կսովորի շատ լավ երգել, պարել ու աղոթել, բայց կաղալու է ճշգրիտ առարկաներից: Փոխարենը հիանալու է, որպես կանոն, դրսում՝ օտար կրթական համակարգի շնորհիվ հաջողության հասած հայրենակիցներով, սնելով սեփական ազգային սնափառությունը: Իսկ էլիտայի երեխաները, միգուցե, լավ պարել չիմանան, բայց փոխարենը մաթեմատիկա ու լեզուներ կսովորեն՝ հաճախելով լավագույն, հաճախ «ապազգային» դպրոցներն ու բուհերը:

Որպեսզի նրանք միշտ լինեն բուրգի գագաթին, իսկ մենք՝ ստորոտում:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net