29 ապրիլի 2017 - 16:01 AMT
Յուրա Մովսիսյանը «Խոստումի» փակ դիտում է կազմակերպել իր թիմակիցների համար

MLS «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի կազմում հանդես եկող Յուրա Մովսիսյանն իր թիմակից ֆուտբոլիստների համար Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել:

«Մենք պայքարող ազգ ենք: Մենք ցեղասպանություն վերապրած ազգ ենք»,-ասել է Մովսիսյանը:

«Խոստումը» մեծ ֆիլմ է ցեղասպանության իրողության մասին, որը տեղի է ունեցել 102 տարի առաջ: Բոլորն ինչ-որ բան լսել կամ կարդացել են այդ մասին, բայց այս ֆիլմը բոլորին հնարավորություն է տալիս տեսնել այդ ամենը մեծ էկրանին: Դա շատ կարևոր է հայերիս համար, քանի որ մենք մշտապես պայքարում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Յուրաքնաչյուր հայի պարտքն է անել այնպես, որ բոլորն իմանան այդ մասին»,-ասել է ֆուտբոլիստը:

«Մանկության տարիներին քեզ պատմում են ցեղասպանության մասին և դու կարծես վերապրում ես այն: Մեր պարտքն է պատմել մարդկանց մեր պատմությունը: Հայաստանը ուղղակի մի փոքր երկիր չէ Արևելյան Եվրոպայում, դա ցեղասպանությունը վերապրած երկիր է: Դու հաղթում ես, ողջ մնալով և պատմելով այդ մասին մյուսներին»,-ասել է Մովսիսյանը:

«Մենք դեռ պայքարում ենք ճանաչման համար: Ես միշտ պայքարել եմ այն ամենի համար, ինչին հասել եմ կյանքում: Ես կարողացա պրոֆեսիոնալ դառնալ 300 մլն բնակչությամբ երկրում: Դա հենց այն մարտական ոտգին է, որը բնորոշ է մեր ժողովրդին: Մեզ ոչինչ հեշտ չի տրվել, մենք ամեն ինչի համար ստիպված ենք եղել պայքարել»,-ասել է Մովսիսյանը:

Թերի Ջորջի ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք), նկարչուհի Աննա Կեսարյանի (Շարլոտտա լե Բոն) և ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմության վրա: Սիրային պատմությունը զարգանում է հայ բնակչության բռնագաղթի և Հայոց ցեղասպանության ֆոնին:

Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» պատմական դրաման ապրիլի 27-ից ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում: Դեռ մեծ էկրան բարձրանալուց առաջ ֆիլմն արդեն դարձավ քաղաքական շահարկումների և սկանդալների առարկա, բազում վեճեր հարուցեց ու գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը, իսկ աշխարհի ամենաազդեցիկ հանդեսներն ու թերթերը իրենց տպավորությունները ներկայացրեցին ֆիլմի մասին: PanARMENIAN.Net ը հավաքել է ամենահեղինակավոր պարբերականների արձագանքները: