24 հուլիսի 2017 - 15:08 AMT
Ջորջ Մարտինը խոստացել է 2018-ին նոր գիրք գրել Վեսթերոսի մասին

Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը պատմել է իր հետագա ստեղծագործական ծրագրերի մասին: Այդ մասին Մարտինը գրել է իր բլոգում:

Ըստ նրա, 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին պետք է լույս տեսնի «Բոց և արյուն» եռապատումի առաջին հատորը, որը կպատմի Թարգարիենի տոհմի ամբողջական պատմությունը: Մարտինը հավելել է, որ բավականին նյութ է կուտակվել, որի մասին հնարավոր չի լինի մեկ գրքում պատմել:

Գրողը նաև աշխատում է «Ձմռան քամիները» վեպի վրա, որը կլինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի նախավերջին մասը, որը «Գահերի խաղը» սերիալի հիմքում է:

«Այս պահին դժվար է ասել, թե առաջինը «Բոցի ու արյան» կամ «Քամիների» հատորը լույս կտեսնի, բայց ես իրոք կարծում եմ, որ դուք 2018-ին ինձանից Վեսթերոսի մասին գիրք կստանք («Գահերի խաղի» աշխարհի մայրցամաքներից մեկը)...և ով իմանա, գուցե նույնիսկ 2-ը»,-գրել է հեղինակը:

«Սառույցի և կրակի երգը» պատումի վեպերը լույս են տեսնում 1996-ից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» հեղինակը կգրի սագայի շարունակությունը