24 հուլիսի 2017 - 17:48 AMT
Փաստաբան. Լապշինի արտահանձնումը դեռևս անհնար է

Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դեռ հնարավոր չէ: Այդ մասին հայտարարել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը: Նա բացատրել է դա նրանով, որ դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը դեռ չի որոշել բողոքարկելու է այն, թե ոչ:

Հուլիսի 20-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է Ալեքսանդր Լապշինին 3 տարվա ազատազրկման:Բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտարարել էր, որ ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է արտահանձնվել ՌԴ, Իսրայել կամ Ուկրաինա, քանի որ այդ երկրների քաղաքացիություն ունի:

«Արտահանձնումն անհնար է, քանի դեռ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել: Դատավճիռը դեռ ուժի մեջ չէ: Նա դեռ Բաքվի մեկուսարանում է: Հաջորդ շաբաթ հանդիպելու եմ նրան, որից հետո պարզ կդառնա՝ բողոքարկվելու է դատարանի որոշումը, թե ոչ: Լապշինը դեռ որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ»,-ասել է Չերնինը, հայտնում է Թրենդ գործակալությունը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Ընթերցեք նաև. ՌԴ իրավապահ մարմինները կզբաղվեն Լապշինի արտահանձնմամբ վերջինիս դիմումի դեպքում