10 հոկտեմբերի 2017 - 17:36 AMT
Ֆրանսահայ պատգամավոր. Մակրոնը բավականին ակտիվ կարող է լինել ԼՂ հիմնախնդրի հարցում

Ֆրանսիայի խորհրդարանում հայկական ծագում ունեցող երեք պատգամավոր կա, որոնք նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունից են: Այդ մասին հայտարարել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանը:

Նա Հայաստանում է քաղաքացիություն ստանալու նպատակով:

«Երեկվանից ես ինձ համարում եմ ֆրանսիական և հայկական խորհրդարանական, որը ներկայացնում է նաև Հայաստանը»,-նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին, նա կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում հակամարտությունը լուծում կգտնի, նաև հույս հայտնել, որ ներկայիս նախագահ Մակրոնը, ինչպես նախկին նախագահ Օլանդը, կշարունակի իր ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Ինձ թվում է՝ մի քիչ ժամանակ պետք է տանք մեր նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին: Ոչ մի կասկած չկա, որ նա բավականին ակտիվ կարող է լինել այս խնդրում, ինչպես մյուս համանախագահող երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն»,-ասել է նա:

Խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, նա նշել է, որ նախկին նախագահ Օլանդի օրոք գործում էր Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը, որը բավականին ակտիվ էր, խմբում ներառված էին տարբեր խմբակցություններից և կուսակցություններից 60 խորհրդարանական:

Ֆրանսահայ պատգամավորն ասել է, որ Ֆրասիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այժմ այդ խումբը նոր-նոր է ձևավորվում. «Աշխատում ենք այդ խումբը ձևավորելու ուղղությամբ, ցանկանում ենք, որ ավելի շատ խորհրդարանականներ ընդգրկվեն: Մեր գլխավոր դերը լինելու է էլ ավելի զարգացնել երկու երկրի միջև գոյություն ունեցող մշակութային, տնտեսական, քաղաքական կապերը»:

Նա նշել է, որ չի եղել Արցախում, բայց շատ է ցանկանում. «Ժամանակ ունենալու դեպքում սիրով կգնամ: Հաջորդ անգամ կուզեմ գնալ»:

Ինչ վերաբերում է ֆրանսահայ համայնքին, Կազարյանն ասել է, որ այն բավականին ուժեղ կառուցվածք ունի: Նրա խոսքով, համայնքի նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև էլ ավելի զարգացնել տնտեսական կապերը: «Հայաստանը կարիք ունի տնտեսական զարգացման, որպեսզի կարողանա ունենալ նաև քաղաքական ուժ, որը թույլ կտա հայ երիտասարդներին մնալ իրենց երկրում, հայրենիքում»,- ասել է ֆրանսահայ խորհրդարանականը:

Մայիսի 7-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ավելի քան 66%-ով հաղթել է Էմանուել Մակրոնը:

Ընթերցեք նաև.Երբ նախագահ Մակրոնը դեռ թեկնածու էր. Ցեղասպանության, ԼՂ խնդրի, հայկական համայնքի մասին