Երբ նախագահ Մակրոնը դեռ թեկնածու էր. Ցեղասպանության, ԼՂ խնդրի, հայկական համայնքի մասին

Երբ նախագահ Մակրոնը դեռ թեկնածու էր. Ցեղասպանության, ԼՂ խնդրի, հայկական համայնքի մասին

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ավելի քան 66%-ով հաղթել է Էմանուել Մակրոնը:

Լինելով դեռևս Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ Մակրոնն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության, ԼՂ հակամարտության հարցերին, ինչպես նաև խոսել հայկական համայքնի մասին:

2017-ի ապրիլին Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» սոցիալ-լիբերալ կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը, պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։

Ապրիլի 24-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Մակրոնը Փարիզում այցելել է Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Շատ կարևոր է պահպանել մեր պատմությունը, քանի որ դա նաև Ֆրանսիայի պատմության մի մասն է. հայերը մեծ ներդրում են ունեցել մեր պետության կայացման գործում։ Եվ եթե 15 օր անց ֆրանսացիներն իրենց քվեն տան ինձ, ապա ես Ֆրանսիայում բնակվող հայերի հետ կգնամ մինչև վերջ։ Այսինքն` մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում»,- ասել է Մատրոնը։

Նա ընդգծել է նաև, որ աջակցում է Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ֆրանսիայի օրացույցում ներառելու գաղափարին:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիային չի հաջողվել հաստատել ցեղասպանության մերժման քրեականացմա օրենքը, իսկ Սահմանադրական խորհրդի որոշումը թյուրիմացությունների պատճառ է դարձել: «Ես համոզված եմ, որ հարկավոր է շարունակել աշխատել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ: Իրավունքը և հիշողությունը չեն կարող համատեղելի չլինել»,- ասել է Մակրոնը:

Նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության խնդրին` նշելով, որ միայն Ֆրանսիայի ջանքերը բավարար չեն այդ հարցը լուծելու համար։

«Եթե դառնամ Ֆրանսիայի նախագահ, ապա առավելագույն ջանքեր կգործադրեմ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու գործում։ Ամեն ինչ կանեմ, սակայն հասկանում եք, որ Ֆրանսիան միայնակ չի կարող լուծել խնդիրը»,- ասել է նա։

Մակրոնը նաև ասել է, որ հիանում է Ֆրանսիայի հայկական համայնքով, որն ինչպես ինտեգրացիայի, այնպես էլ իր արմատների, մշակույթի պահպանման օրինակ է:

«Հայաստանի Հանրապետության վերածննունդը բացառիկ օրինակ է: Այն առաջացել է պատմության չար քամիներին հակառակ և անկոտրում է: Այստեղ հայկական մշակույթը ֆրանսիական և եվրոպական մշակույթի անբաժանելի մասն է, իսկ այնտեղ՝ Արևելքի ու Արևմուտքի սահմանին այն այս մշակույթի առաջամարտիկն է», - ասել է Մակրոնը:

Անդրադառնալով Ֆրանսիայի և Հայաստանի երկկողմ հարաբերություններին՝ Մակրոնը ցանկություն է հայտնել զարգացնել դրանք:

35,4 միլիոն քվեաթերթիկի (99,99 տոկոս) հաշվարկի արդյունքում Մակրոնին կողմ է քվեարկել 20,7 միլիոն ընտրող (ընտրողների 66,06 տոկոսը), Մարին Լե Պենին՝ 10,6 միլիոն ընտրող (ընտրողների 33,94 տոկոսը): Սպասվում է, որ Սահմանադրական խորհուրդը կհաստատի ընտրությունների վերջնական արդյունքներն այս շաբաթվա կեսերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---