13 մարտի 2018 - 16:08 AMT
ԶԼՄ. «Արսենալում» Մխիթարյանն ապացուցեց՝ ՄՅՈւ-ում իրեն ճիշտ չէին օգտագործում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտել է Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներուժը լավագույնս օգտագործելու ճանապարհը: Այս մասին գրում է Talk Sport-ը:

«Հայ ֆուտբոլիստը «ստվերում էր» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, թվում է, թե ցանկություն չուներ օգնելու Մխիթարյանին գտնել իր լավագույն մարզավիճակը»,- գրում է աղբյուրը:

Նշվում է, որ Վենգերը Մխիթարյանի՝ ՄՅՈւ-ն լքելուց ընդամենը երկու ամիս անց կարողացավ անել այն, ինչ անկարող էր պորտուգալացի մարզիչը. նա կարողացել է «զինագործների» վերջին խաղերում արդյունավետորեն օգտագործել Մխիթարյանին:

Մարտի 11-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդին»: 59-րդ րոպեին` Մխիթարյանի փոխացնումից հետո, Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է հաշիվը: 77-րդ րոպեին Մխիթարյանը դարձրել է հաշիվը 3-0:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: