25 մայիսի 2018 - 12:25 AMT
ԱԳ նախարար. ԼՂ հարցի կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը

Ներկայիս կարևորագույն նպատակն է, որ Արցախը ներգրավվի բանակցությունների մեջ բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե գործնականում հնարավոր է Ստեփանակերտին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե առաջիկայում հնարավոր է ԼՂ խնդրի կարգավորումը, ՀՀ արտգործնախարարն ասել է, որ բոլորի հույսն է, որ կարգավորումը լինի շատ շուտով։ «Բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները և, բնական է, մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է, առաջին հերթին, մեր շահերի ու նպատակների արտահայտությունը, որի հիմքում Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն է», - ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Նա ընդգծել է, որ ներկայիս կարևորագույն հարցն է պահպանել բանակցությունների դինամիկան։

Խոսելով իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպման մասին՝ Մնացականյանն ասել է, թե հանդիպումը հնարավորության հարց չէ։ «Սա բանակցությունների էություն է, այն բանակցությունների ձևաչափի մեջ տեղավորվող գործընթաց է», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Մայիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված նամակում գրել էր, որ առաջիկա ամիսներին նոր հնարավորություններ կբացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է համագործակցել Ձեզ հետ՝ հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման: Առաջիկա ամիսներին հնարավորություններ ենք որոնելու կարգավորման համար՝ դա թույլ կտա էլ ավելի բարելավել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»,-ասվում է նամակում: