11 հունիսի 2018 - 14:04 AMT
Եղոյան. Փաշինյանի և Ալիևի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում Մոսկվայում այս պահի դրությամբ որևէ ձևաչափով նախատեսված չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ», - նշել է Եղոյանը:

Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը։ Նա հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Մոսկվայում ֆուտբոլի առաջնության բացմանը: