19 հոկտեմբերի 2018 - 14:41 AMT
Շարմազանով. Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Նա նամակով դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19-ին դադարեցրել է աշխատանքը: Գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում են ստացել աշխատանքից ազատվելու մասին, որից հետո փակել են դեպի Վրաստան տանող մայրուղին՝ ի նշան բողոքի:

«Հայտնի է, որ Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդույնաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ: Այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանի մոտ 650 աշխատակիցփաստացի կանգնած է ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու վտանգի առջև: Այսօրվանից տեխնիկապես չի աշխատում Ալավերդու պղնձաձուլական գործարանը»,-ասվում է նամակում:

Շարմազանովը որպես ալավերդցի կոչ է արել Փաշինյանին, հանձնարարել` անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում, ըստ ԱԺ փոխնախագահի, 650 ընտանիք կարող է բռնել արտագաղթի ճամփան:

«Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից: Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Այս պայքարում ես լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին»,-գրել է Էդուարդ Շարմազանովը։

Բնապահպանական խախտումների համար մեկ ամիս առաջ 387 միլիոն դրամով տուգանված ընկերությունը կառավարությունից պահանջել էր չեղարկել տուգանքն ու 6-7 անգամ բարձրացնել արտանետումների սահմանային թույլատրելի նորմերը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը բանակցել են, սակայն փաստորեն արդյունք չտված բանակցությունների մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա։