16 հունվարի 2019 - 11:09 AMT
Թեժ բանավեճ ԱԺ-ում՝ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պատգամավորների միջև

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև թեժ բանավեճ է բռնկվել պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին ելույթից հետո:

Մանուկյանին պաշտպանելու համար ելույթ է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, որը 3 տարի եղել է նրա խորհրդականը:

Աբովյանն ասել է, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզեր են և նշել, որ նրա աշխատանքի արդյունքն է այն, որ Ուկրաինայում հեղափոխության ժամանակ հայ համայնքը շատ քիչ զոհեր է ունեցել, ինչպես նաև ուկրաինական հեռուստատեսությամբ Արցախի հարցով հայանպաստ հաղորդում է հեռարձակվել: Աբովյանը պատմել է նաև, որ Մանուկյանը «ՀՀ շահերը սպասարկել է՝ իր կյանքը վտանգելով»:

Նա նաև հարց է ուղղել Բաբաջանյանին, թե ինչու է զրպարտում Մանուկյանին: Բանավեճին միացել է ԲՀԿ-ի պատգամավորներից մեկը, այնուհետև միացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. նրանք միասին բանավեճի են բռնկվել: Կրքերը հանդարտեցնելու համար ստիպված են եղել միջամտել ԲՀԿ-ի պատգամավորները և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսել է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին:

«Ամենախնդրահարույց նշանակումներից մեկը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկայնը, ով, ըստ ուկրաինացի դիվանագետների, որոնց հետ առիթ ենք ունցել հանդիպել տարբեր տարիների, զբաղված է եղել ՀՀ-ի դեսպանատան համար դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով և տեղի հայ քրեական հեղինակություններին վաճառելով կամ նվիրելով», - ասել է Բաբաջանյանը: