25 հունիսի 2019 - 12:55 AMT
Ռուբինյանը դեմ չի քվեարկել ԵԽԽՎ ՌԴ-ի վերադարձի նախագծին. Տեխնիկական խնդիր է եղել

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ դեմ չի քվեարկել Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունիսի նստաշրջանին Ռուսաստան Դաշնությանը պատվիրակության մասնակցության մասին բանաձևին:

Ռուբինյանը քվեարկությունից հետո վարման կարգով հայտարարել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, և ինքը դեմ չի քվեարկել: Նախագահողը տեղեկացրել է, որ քվեարկությունն ավարտվել է և այլեւս հնարավոր չէ փոփոխություն:

«Տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։ Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը», - գրել է Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձևին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ:

Պատվիրակության մյուս երեք անդամը՝ Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը:

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստան Դաշնությանը պաշտոնապես հրավիրել է մասնակցելու հունիսի նստաշրջանին: Համապատասխան բանաձևը վեհաժողովն ընդունել է հունիսի 25-ին. դրա օգտին քվեարկել է 118 խորհրդարանական, դեմ՝ 62-ը, ձեռնապահ՝ 10-ը: