9 դեկտեմբերի 2019 - 12:45 AMT
Փոխվարչապետ. Մեքենայի ղեկը փոխելը բարդ խնդիր է, բայց պետք է լուծում գտնել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներկրման կարգում կատարված փոփոխություններին, ասել է, որ ղեկը փոխելը տեխնիկապես բարդ խնդիր է, բայց պետք է անպայման լուծումներ գտնել:

Հայաստանի կառավարության դեկտեմբերի 5-ին որոշմամբ կրկին թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով:

«Տեխնիկական գործողություն է իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, ինչն ինքնին պարունակում է վտանգներ: Եթե փոփոխություններ չարվեն մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, պոտենցիալ հանրային վտանգ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված այդ փոփոխությունը, հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ այդ իմաստով բացառություն է արվել, ժամկետ տրամադրվել, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում:

Նրա խոսքով, միաժամանակ օրակարգում մնացել է մի խնդիր, որի վրա պետք է աշխատեն. այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, ինչպես պետք է իրականացվի որպեսզի լինի անվտանգ: «Տեխնիկապես բարդ խնդիր է, սովորական երևույթ չէ ղեկի տեղափոխումը, բայց պետք է անպայման լուծումներ գտնել»,- ասաց փոխվարչապետը:

Նա նշել է, որ իր հիշելով երեք ամիս ժամանակ է տրվում ղեկի տեղափոխություն իրականացնելու համար, բայց ընդգծել, որ խոսքը վերաբերում է ոչ թե այն հանգամանքին, որ կարելի է այդպես շահագործել, այլ ուղղակի հնարավորություն է ընձեռվել, որպեսզի այդ մեքենաների տեխնիկական վերափոխումներն իրականացվեն Հայաստանի տարածքում, որից հետո նոր շահագործվեն:

ՊԵԿ հայտարարության մեջ ասվում էր, որ հետագա խնդիրներից խուսափելու համար շատ կարևոր է գիտակցել, որ նախնական հայտարարագիրը ներկայացնելու օրվանից հաշվարկված 30 օր հետո կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը, այսինքն՝ ավելի բարձր դրույքաչափեր։