24 մարտի 2020 - 22:14 AMT
ԵՊԲՀ ռեկտոր․ Մարտի 25-ից պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ հարկ եղած դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է 14-ով և հասել է 249-ի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից