25 մայիսի 2015 - 16:37 AMT
ՀՈԴՎԱԾ
«Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած 5 ֆիլմ, որոնք դիտելը պարտադիր է
1939 թվականից ընդհանուր առմամբ 88 ֆիլմ է արժանացել Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Մայիսի 24-ի երեկոյան կինեմատոգրաֆիստներն ամփոփեցին Կաննի հերթական 68-րդ կինոփառատոնի արդյունքները: Գլխավոր մրցանակի` «Ոսկե արմավենու ճյուղին» արժանացավ ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Դիպանը» սոցիալական դրաման: Համաշխարհայնի կինոյի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին երբևէ արժանացած 88 ֆիլմերից PanARMENIAN.Net-ն ընտրել է 5 կինոկտավ, որոնք դիտելն անհրաժեշտ է:

«Տաքսու վարորդը», 1976 թվական

Մարտին Սկորսեզեի «Տաքսու վարորդը» նրա ամենանշանակալի ֆիլմն է և կինեմատոգրաֆիստների «բարձրագույն լիգա» անցնելու նրա տոմսը: 1976-ին նկարահանված սուր սոցիալական դրաման, որը պատմում է Վիետնամի պատերազմի վետերանի սոցիալական ադապտացիայի մասին, մինչ օրս համարվում է վիրտուոզ, բարդ ռեժիսուրայի օրինակ, որն արծարծում է սուր հարցեր` պատասխանները թողնելով հանդիսատեսին: Ֆիլմը դարձավ Նոր Հոլիվուդի անկյունաքարերից մեկը` մի ժամանակաշրջանի, երբ մերժվեց նկարահանման արդեն արմատացած և իրեն սպառած ոճն ու պատմության կանխատեսելիությունը:

«Ապոկալիպսիսն այսօր», 1979 թվական

Վիետնամական պատերազմի սարսափների և մարդու հոգեվիճակի վրա դրա ազդեցության մասին պատմող ևս մեկ ֆիլմ է համաշխարհային կինոյի մեկ այլ լեգենդի մատուցմամբ: Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմը, չնայած նկարահանման երկար և տանջալից գործընթացին և բազում վերաթողարկումներին, պաշտամունքային դարձավ նյութի եզակի մատուցման շնորհիվ, որտեղ խորը փիլիսոփայական հարցերը զուգակցված են մարդկային դաժանության դրսևորումներով, իսկ արյունալի սպանդին ռոմանտիկ երանգ է տրվում` հրավիրելով հանդիսատեսին նորովի ընկալել պատերազմի էությունը: Կինոնկարը հակասական ընկալվեց` քննադատների մի մասը հիացած էր, իսկ մյուսները մեղադրեցին ռեժիսորին ավելորդ դաժանության և ֆիլմը գերծանրաբեռնելու մեջ:

«Քրեական ընթերցվածք», 1994 թվական

«Կատաղի շներ» քրեական աղմկալի դեբյուտով ներխուժելով կինեմատոգրաֆ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն երկու տարի անց իրարանցում առաջացրեց կինոհանրության շրջանում մի կինոնկարով, որը մինչ օրս անգերազանցելի է համարվում նրա կարիերայում: «Քրեական ընթերցվածքը» ամերիկացի գանգստերների մասին պատմող ֆիլմ է, նրբագեղ ռեժիսուրայով և հանճարեղ սցենարով, որից հատվածները վերածվել են թևավոր արտահայտությունների: Կինոնկարը բաղկացած է իրար հետ շաղկապված 5 սյուժեից`շռայլորեն համեմված Տարանտինոյի սիրած ֆիլմերին հղումներով:

«Անդերգրաունդ» , 1995 թվական

Հարավսլավացի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան մի անզուգական ունակություն ունի. նա կարողանում է այնպես պատմել ողբերգական պատմությունը, որ այն միաժամանակ ցավ է պատճառում, և հոմերական ծիծաղ առաջացնում: Նրա գլխավոր աշխատանքը «Անդերգրաունդ» տրագիկոմեդիան է, որի գործողությունը ծավալվում է 50 տարվա ընթացքում Հարավսլավիայում` քայլ առ քայլ ցույց տալով երկրում մշատապես մոլեգնող պատերազմները: Եվ չնայած ողբերգական պատմությանը, կինոնկարը աներևակայելի կենսական ուժ ունի, էներգետիկա և պոետիկ է: Ռեժիսորը գաղափարախոսությունն ու մշակույթը փոխարինում է ժողովրդական կյանքին բնորոշ գծերով` պատմությունն առավել մոտեցնելով յուրաքանչյուրին:

«Մթության մեջ պարողը», 2000 թվական

Սկանդալային Լարս ֆոն Տրիերի «Մթության մեջ պարողը» ողբերգական հեքիաթը համարձակ և հանդուգն արարք է, անզիջում դատավճիռ հանրությանը, որն, ըստ քննադատ Ռոջեր Էբերտի «քանդում է հսկայական քանակի ֆիլմերի շուրջ կուտակված սովորություններն ու վերադարձնում է ակունքներին»: Կույր ներգաղթյալ Սելմայի ողբերգական պատմությունն իսլանդացի երգչուհի Բյորկի փայլուն կատարմամբ ի ցույց է դնում հսկայական ճեղքվածքը` իրական կյանքի ու երաժշտության արթնացրած երազանքների միջև: Հանդիսատեսի ձեռքից բռնած ռեժիսորը դանդաղ պարուրում է նրան հուսալքության սարդոստայնով, որից անհնար է դուրս պրծնել. այս շեդեվրը դիտելու դեպքում, այն չի մոռացվի երբեք:

Ընթերցեք նաև. Ֆրանսիական կինոյի տրիումֆը. Հայտնի են Կաննի 68-րդ կինոփառատոնի հաղթողները

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net