Ֆրանսիական կինոյի տրիումֆը. Հայտնի են Կաննի 68-րդ կինոփառատոնի հաղթողները

Ֆրանսիական կինոյի տրիումֆը. Հայտնի են Կաննի 68-րդ կինոփառատոնի հաղթողները

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ավարտվեց համաշխարհային կինեմատոգրաֆի ամենանշանակալի իրադարձություններից մեկը` Կաննի 68-րդ կինոփառատոնը: Չնայած կինոքննադատների կանխատեսումներին, որոնց կարծիքով տարին հաղթական պետք է լիներ իտալական կինոյի համար, ժյուրին գերադասեց գլխավոր պարգևները հանձնել ֆրանսիացի կինեմատոգրաֆիստներին:

«Գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենու ճյուղը» ստացավ ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Դիպանը»: Սոցիալական դրաման պատմում է Շրի Լանկայից փախստականի ճակատագրի մասին, որն իր ֆիկտիվ ընտանիքով հայտնվում է Փարիզի արվարձանում: Կինոնկարը, որը բարձրացնում է այսօր սուր հնչեղություն ունեցող բազմակուլտուրալիզմի թեման, ստացավ հանդիսատեսի և ժյուրիի անդամների հիացական արձագանքները, թեև կինոքննադատները մինչև վերջին պահը վստահ էին, որ մրցույթի հաղթող կդառնա Կաննի և «Օսկարի» դափնեկիր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդությունը»:

Երկրորդ նշանակալի մրցանակին` Գրան պրիին, արժանացավ հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» կինոժապավենը: Նեմեշը դեբյուտանտ է լիամետրաժ կինոյում, մինչ այդ նա միայն կարճամետրաժ կինոնկարներ է նկարահանել: Ֆիլմը Օսվենցիմի զոնդերկոմանդի անդամի մասին է, որը որոշում է հուդայական ծեսով հուղարկավորել գազի խցիկում սպանված տղային` նրան որպես իր որդի ներկայացնելով:

Ժյուրիի մեծ մրցանակին արժանացավ հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Լոբստեր» ֆիլմը: Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Հոու Սյաո Սյանը «Ասասին» («Մարդասպանը») ֆիլմով, որի գլխավոր հերոսուհին միջնադարյան Չինաստանում ապրող աղջիկ է, որին սովորեցրել են սպանելու արվեստը: «Լավագույն սցենար» անվանակարգում մրցանակի արժանացավ Միշել Ֆրանկոյի «Քրոնիկը»:

Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակը կիսեցին Ռունի Մարան (Թոդ Հեյնսի «Թագավորը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար) և Էմանուել Բերկոն (Մայվեն լե Բեսկոյի «Իմ թագավորը» ֆիլմի համար գլխավոր դերակատարման համար): «Տղամարդու լավագույն դերակատարման համար պարգևատրվեց Վենսան Լինդոնը Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը» ֆիլմում դերի համար:

Լավագույն կարճամետրաժ կինոնկար ճանաչվեց Լիբանանի և Քաթարի համատեղ արտադրության «Ալիքներ» ֆիլմը: Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղին» արժանացավ Անյես Վարդան:

Կաննի միջազգային կինոփառատոնը (ֆր.՝ Festival international du film de Cannes), անցկացվում է յուրաքանչյուր տարի մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Համարվում է ամենահեղինակավորներից մեկը: Առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946 թվականից սկսած։ Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղն» է (Palme d’Or ), որը շնորհվում է ժյուրիի կողմից սահմանված տարվա լավագույն ֆիլմին։ Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի։ Մյուս մրցանակներից են Գրան պրի լավագույն դերասանի, ռեժիսորի և սցենարիստի համար, Ժյուրիի հատուկ մրցանակ, «Ոսկե արմավենու ճյուղ» լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկ» լավագույն դեբյուտային ֆիլմի համար և այլն։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---