Վարորդ հարկավոր չէ

Վարորդ հարկավոր չէ

Ինքնագնաց տրանսպորտը փոխում է ժամանակակից աշխարհը

Վերջերս Միչիգանի նահանգապետ Ռիկ Սնայդերն օրենքների փաթեթ է ստորագրել, որի համաձայն փաստացի օրինականացվում է ինքնագնաց (առանց վարորդի) ավտոմեքենաների մասնավոր և կոմերցիոն օգտագործումը: Նոր օրենքները թույլ են տալիս վաճառել սերիական արտադրության ինքնավար մեքենաներ, որոնք ունեն հավաստագիր: Ավտոմեքենաներին թույլատրվում է առանց վարորդի երթևեկել ընդհանուր օգտագործման ճանապարհներով և շարժվել ավտոշարասյան մեջ: Բացի այդ, նահանգի տարածքում այժմ կարելի է օգտվել ինքնագնաց տաքսիից: Ընդ որում մեքենայի կառավարման պատասխանատվությունը դրվում է ոչ թե ավտոմեքենայի սեփականատիրոջ, այլ կառավարման ավտոմատ համակարգի վրա: Այդպիսով, քայլ առ քայլ, ինքնագնաց մեքենաները կամ ռոբոտ-ավտոմեքենաները իրենց տեղն են գտնում ժամանակակից աշխարհում:

PanARMENIAN.Net - Ինչպե՞ս է աշխատում ինքնագնաց տրանսպորտը, ինչպիսի՞ լուծումներ գոյություն ունեն: PanARMENIAN.Net ը պատասխանում է այս և այլ հարցերի:

Ինչպե՞ս է դա աշխատում:

Ինքնագնաց մեքենան տրանսպորտային միջոց է, որը ներկառուցված ապարատային և ծրագրային ապահովման շնորհիվ, կարող է ինքնուրույն երթևեկել ընդհանուր օգտագործման ճանապարհներով առանց վարորդի մասնակցության: Ըստ էության, դա ռոբոտացված սարք է, որը կարողանում է գործակցել շրջակա միջավայրի հետ:

Մեքենան «տեսնում է» շրջակա միջավայրը տեխնիկական տեսողության համակարգերի օգնությամբ` ներկառուցված համակարգիչը մշտապես վերլուծում է ստացվող տեղեկատվությունը: Տեխնիկական տեսողության համակարգը բաղկացած է մեքենայի առջևի մասում տեղադրված մի քանի զույգ տեսախցիկներից, ինչպես նաև լիդարներից, ռադարներից ու ռադիոտեղորոշիչ համակարգերից, որոնք կարող են տեղադրվել մեքենայի առջևի կամ հետևի մասում: Յուրաքանչյուր տեսախցիկի տեսադաշտի անկյունը ընդամենը 50 աստիճան է, սակայն դրանց տեղադրումը զույգերով ստերեոէֆեկտ է տալիս` առանց վարորդի մեքենան ամեն ինչ «տեսնում է» իր ծավալով և կարողանում գնահատել մինչև օբյեկտներն ընկած տարածությունը: Հատուկ ալգորիթմը վերլուծում է տեսախցիկներից ստացվող պատկերը, գտնում և նույնականացնում է հնարավոր խոչընդոտները, ճանապարհային գծանշումները, լուսակիրներն ու դրանց ազդանշանները, ճանապարհային նշանները: Տեսախցիկների օգնությամբ տարբերակվում են 30 մ հեռավորությամբ գտնվող օբյեկտները:

Համակարգը կարողանում է տարբերակել խոշոր շարժվող օբյեկտները. այլ ավտոմեքենաները, մեծ կենդանիներին, հետիոտներին և հեծանվորդներին: Ռադարներն, իրենց հերթին, փոխանցում են ներկառուցված համակարգչին ոչ միայն մինչև հարևան մեքենաներն ընկած տարածությունը, այլ նաև տեղեկություններ են հաղորդում նրանց արագության մասին Դոպլերի էֆեկտի շնորհիվ` երբ ալիքի երկարությունը կամ հաճախականությունը փոփոխվում է ընդունիչի և ալիքի աղբյուրի շարժման դեպքում: Ռադարների գործողության հեռավորությունը 200 մ է: Դա թույլ է տալիս ինքնակառավարվող ավտոմեքենային ոչ միայն անհրաժեշտ դիստանցիան պահպանել, այլ նաև ժամանակին արձագանքել երթևեկության փոփոխությանը:

Այժմ կատարելագործվում է նմանատիպ մեքենաների ոչ միայն ապարատային բաղադրիչը, այլ նաև ծրագրային ապահովումը` հիմնված մեքենայացված ուսուցման վրա` դրա շնորհիվ ներկառուցված համակարգիչը կարող է ֆիքսել ոչ միայն ճանապարհային երթևեկության առանձնահատկությունները, այլ նաև այլ մեքենաների վարքագիծն ու սխալները: Հենց այստեղ են թաքնված հիմնական խնդիրները` մեքենային որքան հնարավոր է շատ տվյալներ են հարկավոր «սովորելու» համար:

Դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Google ընկերությունը որոշ ժամանակով սառեցնում է ղեկից ու ոտնակներից զուրկ ինքնագնաց մեքենաների իր նախագիծը: Փոխարենը` ՏՏ հսկան կկենտրոնանա ղեկով ու ոտնակներով ինքնագնաց մեքենաների վրա, որոնք կաշխատեն որպես տաքսի: Google-ը համարում է, որ ավտոմեքենաների օգտագործումը որպես տաքսի կօգնի ավելի շատ տվյալներ հավաքել ինքնավար կառավարման աշխատանքի մասին, քան եթե մեքենան ժամերով կանգնած մնա տիրոջ ավտոտնակում: Համապատասխանաբար, ընկերությունն ավելի արագ կկատարելագործի փորձարարական սարքավորումներն ու ծրագրային ապահովումը:

Ի՞նչ լուծումներ գոյություն ունեն

Մինչ օրս լիովին ինքնուրույն ինքնագնաց ավտոմեքենաների մշակման ոլորտում առաջատարը Google ընկերությունն էր: Ընկերությունն արդեն 7 տարի է փորձարկում է, «ուսուցանում է» և կատարելագործում է ինքնակառավարվող մեքենաները: Այդ ընթացքում մեքենաներն արդեն 2,7 մլն կմ ավելի են անցել:

Մյուս ընկերությունները մի փոքր այլ ուղղությամբ են շարժվում: Միանգամից մի քանի ընկերություն, ներառյալ Volkswagen-ը, Ford-ը, Audi-ն ու BMW-ն, այս կամ այն աստիճանի ինքնակառավարվող մեքենաների ստեղծման վրա են աշխատում: Առայժմ հետազոտությունները տարվում են ավտոպիլոտի ոլորտում` համակարգ, որին կարելի է վստահել ավտոմեքենայի կառավարումը ճանապարհի դյուրին հատվածներում: Օրինակ, 2011-ին ձևափոխված Volkswagen Passat-ը ավտոպիլոտի համակարգով կարող է ինքնուրույն ընթանալ մայրուղիով մինչև 1 ժամում 130 կմ արագությամբ` այն երթուղու սահմանում, որը վստահել է նրան վարորդը: Ավտոպիլոտի հիմքում ադապտիվ կրուիզ-հսկողությունն է (կարողանում է արգելակել մեքենան, եթե առջևում գտնվող մեքենան դանդաղեցնում է ընթացքը) և երթևեկության տվյալ շերտի հսկողության համակարգը: Երկուսն էլ արդեն գործում են սերիական արտադրության մեքենաներում:

Մեկ այլ մոտեցում է կյանքի կոչվել Tesla Motors-ի էլեկտրամեքենաներում: Այդ մեքենաների ծրագրային ապահովման թարմացումները թույլ են տալիս նրանց ինքնուրույն երթևեկել մայրուղիով և նույնիսկ քաղաքի նախապես նախանշված փողոցներով, սակայն անհրաժեշտ է վարորդի ներկայությունը ղեկի մոտ: Ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունը հետագայում ևս թարմացումներով հանդես կգա` ավելացնելով էլեկտրամոբիլների ինքնավարությունը: Վերջնական նպատակն է լիակատար ինքնավարության ապահովումը, որին ընկերությունը ձգտելու է քայլ առ քայլ:

Կա՞ն արդյոք սահմանափակումներ:

Այսօրվա դրությամբ ինքնագնաց մեքենաների մշակումն ու շահագործումը հաճախ սահմանափակվում է գործող օրենքներով և նման տեխնոլոգիաները, որպես կանոն, փորձարկվում են փակ հարթակներում ու մայրուղիներում: Որոշ երկրներում իշխանությունները թույլ են տալիս առանց վարորդի կառավարման մեքենաներին երթևեկել ընդհանուր օգտագործման ճանապարհներով, սակայն, դա, որպես կանոն, վերաբերում է սահմանափակ թվով կազմակերպություններին, իսկ շարքային քաղաքացիներին նման տրանսպորտային միջոցն անհասանելի է:

ԱՄՆ-ում սահմանափակումները տարբերվում են ըստ նահանգների: Օրինակ, ինքնագնաց ավտոմեքենաների հարցում իր բարեհաճ վերաբերմունքով է հայտնի Կալիֆորնիա նահանգը, որտեղ թույլատրված է ինքնագնաց երթևեկության տեխնոլոգիաների փորձարկումը 20 կազմակերպության, այդ թվում` Google-ին, NVIDIA-ին, Ford-ին, Tesla Motors-ին և Faraday Future-ին: Կալիֆորնիայում սահմանափակ տարածքում թույլատրված են նաև առանց ղեկի ու ոտնակների ավտոմեքենաների փորձարկումներ:

Որոշ երկրներում ևս օրենքները թույլ են տալիս ինքնագնաց ավտոմեքենաներ շահագործել առանց վարորդի: Ֆինլանդիայում, օրինակ, այս աշնանը ընդհանուր երթևեկության ճանապարհներով երթևեկել են ինքնագնաց միկրոավտոբուսներ, որոնք մինչ այդ փորձարկվել են Նիդերլանդներում, Շվեյցարիայում և Ճապոնիայում:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչով փոխարինել հայտնի հավելվածը
Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Ինչպես հայ գիտականը ստեղծեց կրիպտոարժույթը պաշտպանող ալգորիթմը
 Ուշադրության կենտրոնում
$9 մլն-ի ներդրում՝ հայկական Krisp հավելվածում

$9 մլն-ի ներդրում՝ հայկական Krisp հավելվածում Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է

 Բաժնի այլ նյութերը
Միլիոնավոր դոլարների ներդրում և ՀՀ տնտեսության խթանում Հայկական 3 ստարտափ՝ միաեղջյուր դառնալու ճանապարհին
Կորոնավիրուսը՝ համակարգչի «աչքերով» Հայերը բժշկի գործը թեթևացնող գործիք են ստեղծում
Հայ պատանիները կոդ կգրեն ՆԱՍԱ-ի համար ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է