Մեծ հայտնագործությունների տարի

Մեծ հայտնագործությունների տարի

2016-ի գլխավոր գիտական իրադարձությունները

Իսկական գիտնականի համար ոչ այնքան կարևոր է իր տեսական հետազոտությունների փորձնական հաստատումը, որքան դրանք ստուգելու փաստը. չէ որ գիտության համար համարժեք են էքսպերիմենտի ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքները: Դրանք հավասարապես կարևոր են իսկությունը բացահայտելու համար: Օրինակ, Մեծ ադրոնային կոլայդերում բարձր էներգետիկ բոզոնի հայտնաբերման հերքումը 2016-ին Տարրական մասնիկների ստանդարտ մոդելի յուրօրինակ հաղթանակն էր: Տասնամյակներով ստուգված ֆիզիկայի մոդելը դիմացավ Ստանդարտ մոդելի շրջանակներից դուրս «նոր ֆիզիկա» որոնողների ճնշմանը: Մյուս կողմից, ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում այդ «նոր ֆիզիկայի» առկայությունը, ուստի գիտնականները ստիպված կլինեն շարունակել որոնումները:

PanARMENIAN.Net - 2016-ը հաղթական էր գիտության համար շատ ուղղություններով, սակայն, եղել են նաև ձախողումներ. PanARMENIAN.Net ը ներկայացնում է անցնող տարվա գլխավոր գիտական իրադարձությունները:

Կենսաբանություն

Փետրվարին Ծնելիության վերահսկման և սաղմնաբանության հարցերով զբաղվող բրիտանական կոմիտեն պաշտոնապես թույլ է տվել Ֆրենսիս Քրիկի ինստիտուտին անցկացնել մարդկային սաղմի գենոմի փոփոխության հետ կապված փորձեր: Գիտնականները մտադիր են CRISPR/Cas9 տեխնոլոգիայի միջոցով խմբագրել մարդու սաղմի ԴՆԹ-ն 1-7 օրական հասակում: Հետազոտության նպատակն է նվազեցնել վիժումների քանակն ու բարձրացնել անպտղության բուժման արդյունավետությունը:

Մեկ ամիս անց այդպիսի մտադրության մասին հայտարարեց նաև Նիդերլանդների կառավարությունը` հավելելով, որ օրենսդրությունը կփոխվի «խիստ պայմանների և որոշակի սահմանափակումների առկայությամբ»: Հետազոտությունները կվերաբերվեն անպտղությանը, արհեստական վերարտադրողականության մեթոդներին և ժառանգական կամ ի ծնե հիվանդություններին:

Բժշկագիտություն

Սիեթլի Ֆրեդ Հաթչինսոնի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի գիտնականները ներկայացրել են քաղցկեղի բուժման միանգամայն նոր ու բարձր արդյունավետություն ունեցող մեթոդաբանություն, մասնավորապես, խոսքը ոչ խոջկինյան լիմֆոմայի և քրոնիկ լիմֆոլեյկոզի մասին է: Գիտնականները ծրագրավորել են իմունային համակարգի բջիջներն (T-լիմֆոցիտներ) այնպես, որ վերջիններս կարողանան նույնականացնել CD19 սպիտակուցը, որը մասնակցում է լիմֆոմաների և լեյկոզների առաջացմանը: Այս մեթոդաբանության կիրառումից հետո սուր լիմֆոբլաստոմային լեյկոզի մահացու տեսակով 29 հիվանդից 27-ի մոտ բարելավում է արձանագրվել:

Նույն ամերիկացի գիտնականները հնչեցրին նաև տհաճ նորությունը. ԱՄՆ առողջապահության մարմինները հայտնեցին, որ հիվանդի մոտ հայտնաբերվել է հակաբիոտիկներով չբուժվող առաջին բակտերիան: «Մենք կարող ենք հայտնվել հետհակաբիոտիկային աշխարհում»,-ասել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Թոմաս Ֆրիդենը` նշելով, որ վարակը չի հաջողվել վերացնել նույնիսկ «կոլիստին» հակաբիոտիկով, որը պահվում է «մղձավանջային բակտերիայի» դեմ պայքարելու համար:

ՄԻԱՎ դեմ պայքարի հեղափոխական միջոցը ներկայացրել են բրիտանացի և ամերիկացի գիտնականները: CRISPR/Cas9-ի գենոմի խմբագրման տեխնոլոգիայի օգնությամբ, գիտնականներին հաջողվել է վերացնել ՄԻԱՎ բոլոր հետքերը բոլոր հյուսվածքների և օրգանների, այդ թվում ուղեղի, սրտի, երիկամների, լյարդի, թոքերի, փայծախի, և արյան բջիջներից: ՄԻԱՎ դեմ պայքարի գոյություն ունեցող միջոցներն ուղղված են վիրուսի բազմացումը ճնշելուն, ոչ թե ԴՆԹ-ն վերծանելուն, ուստի նոր մեթոդը կարող է ապագայում հնարավորություն տալ լիովին բուժելու «20-րդ դարի ժանտախտը»:

Նոյեմբերին Ալերգաբանության և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականների թիմը կարողացել է զատել այն հակամարմինները, որոնք կարող են հաղթահարել ՄԻԱՎ շտամերի 98%-ը: 2010-ին գիտնականները հայտնաբերել են VRC01 հակամարմինը, որը գործում է ՄԻԱՎ շտամերի 90%-ի դեմ: Ինչպես և VRC01-ը, նոր հայտնաբերված հակամարմինները, որոնք ստացել են N6 անվանումը, թույլ չեն տալիս վիրիոններին կցվել իմունային բջիջներին: Դրանք ազդում են վիրիոնի թաղանթի այն մասերի վրա, որոնք քիչ են տարբերվում շտամերի մոտ, ինչն էլ թույլ է տալիս հակազդել այդչափ մեծ քանակությանը:

Ֆիզիկա

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ 21-րդ դարի գլխավոր գիտական իրադարձություններից մեկը: «Մենք որսացինք գրավիտացիոն ալիքները, մենք արեցինք դա»,-հայտարարեց LIGO խոշորագույն գիտական նախագծերից մեկի ներկայացուցիչը: Հայտարարությունը պայթած ռուբի էֆեկտ ունեցավ` համացանցի բոլոր լրատվական ռեսուրսները հաղորդագրություններ տարածեցին այն մասին, որ իրականացել է մեծն Էյնշտեյնի երազանքը, որը դեռ 100 տարի առաջ կանխատեսել էր խորհրդավոր ալիքների գոյությունը: Անկասկած, վերջին տասնամյակների կարևորագույն գիտական գյուտերից մեկը հսկայական նշանակություն ունի ֆունդամենտալ ֆիզիկայի համար: Եվ միայն նեղ մասնագետները կարղ են ամբողջությամբ ընկալել այդ բացահայտման մեծությունը: Առավել մանրմասն հայտնագործության մասին:

Ապրիլին գիտնականների միջազգային խումբը փորձնական ճանապարհով հաստատեց 40 տարի առաջ կանխատեսված նյութի նոր վիճակի գոյությունը, որը հայտնի է որպես քվանտային սպինային հեղուկ: Սովորական մագնիսային նյութում սպիները, որոնք առանձին մասնիկների մագնիսային հատվածներն են, պահում են իրենց ինչպես փոքր մագնիսներ և ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում կանոնակարգված տեսք են ստանում` մի կողմի ուղղությամբ: Միանգամայն այլ կերպ է իրեն դրսևորում քվանտային սպինային հեղուկը, որն այդպես է կոչվում, քանի որ նրանում էլեկտրոնների սպիները «հեղուկ» վիճակում են մնում, այսինքն կանոնակարգված տեսք չեն ստանում նույնիսկ շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Հոկտեմբերի 24-ին հեղինակավոր Scientific Reports հանդեսում հրապարակված գիտական հոդվածը ցնցեց գիտական հանրությանը: Հոդվածում կասկածի տակ է դրվում գլխավոր տիեզերաբանական մոդելը, որի հիման վրա գիտությունը նկարագրում է Տիեզերքի լայնամասշտաբ կառուցվածքն ու պահվածքը: Աստղագետների միջազգային խմբի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Տիեզերքի արագացված ընդլայնում կարող է և չլինել, իսկ դա նշանակում է, որ 21-րդ դարի գլխավոր գիտական գաղտնիքներից մեկը` այսպես կոչված «մութ էներգիան», կարող է ընդամենը սխալմունքի արդյունք լինել: Դա կարող է արմատապես փոխել մեր բոլոր պատկերացումներն աշխարհի մասին:

Աստղագիտություն

Փետրվարի 12-ին Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարեցին, որ Չուրյումով-Գերասիմենկոյի գիսավորի վրա վայրէջք կատարծ «Ֆիլի» զոնդն ընդմիշտ «մարել» է: Անհաջող վայրէջքը, որի արդյունքում զոնդը զրկվել է լիցքավորման համար անհրաժեշտ արևային էներգիայից, տեղի էր ունեցել 2014-ի նոյեմբերին: «Ռոզետա» զոնդի օգնությամբ գիտնականներին հաջողվեց «կյանքի մասնիկներ» գտնել գիսաստղի վրա` նյութեր, որոնք անհրաժեշտ են կյանքի առաջացման համար: Հայտնաբերված նյութերի թվում էր պարզագույն գլիցին ամինաթթուն, որը մտնում է պրոտեինների և ֆոսֆորի կազմի մեջ, և ԴՆԹ-ի առանցքային բաղադրիչն է:

2016-ի սեպտեմբերի 30-ին «Ռոզետա» զոնդը ուղղորդվեց Չուրյումով-Գերասիմենկոյի գիսաստղի հետ բախման` 3 կմ/ժ արագությամբ: Դա վերահսկվող կոշտ վայրէջք էր մակերեսին «ջրհորների»` տեղի գեյզերների շրջանում: 14 ժամ տևած վայրէջքի ժամանակ սարքը Երկիր էր փոխանցում լուսանկարներ և գազային հոսքերի հետազոտության արդյունքները: Այդպիսով, ավարտվեց 1,4 մլրդ եվրո արժողությամբ գիսաստղի հետազոտության ծրագիրը:

Հավակնոտ հայտարարությամբ հանդես եկան միլիարդատեր Յուրի Միլները և ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Նրանք հայտարարեցին Breakthrough Starshot նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է տիեզերական սարք ուղարկել դեպի աստղեր 160 մլն կմ/ժ արագությամբ: Ենթադրվում է, որ առաքելությունը կարող է իրականացվել մեկ սերնդի կյանքի տևողության ընթացքում: Հետազոտման և մշակման ծրագրի իրագործման համար, որը կոչված է հաստատելու մի քանի գրամ քաշով նանոապարատին լույսի արագության 20 տոկոսի չափով արագություն հաղորդելու համար լուսային ճառագայթի իմպուլսի կիրառման հայեցակարգը, կներդրվի 100 մլն դոլար: Այդ արագությունով թռիչքը թույլ կտա գործարկումից մոտ 20 տարի անց հասնել Ալֆա Ցենտավրա:

Ոչ պակաս հավակնոտ էր Tesla Motors և SpaceX ընկերությունների նախագահ Իլոն Մասկի հայտարարությունը: Սեպտեմբերի 27-ին Մասկը ներկայացրեց հանրությանը Մարսը բնակեցնելու իր հավակնոտ ծրագրերը: Հատուկ շնորհանդեսի ժամանակ նա պատմեց, որ առաքելությունը կյանքի կոչելու համար 10 տարի անց SpaceX ընկերությունը ստիպված կլինի ստեղծել ամենամեծ մարդատար հրթիռը, որ երբևէ կառուցել է մարդկությունը: Ըստ Մասկի, Մարսում հնարավոր է «ինքնասնուցվող» քաղաք ստեղծել, եթե հրթիռներում որպես վառելիք ու թթվեցուցիչ օգտագործվի «մեթան-թթվածին» զուգակցումը, քանի որ մեթանը կարելի է արտադրել Մարսում: Ընդ որում հրթիռի բոլոր համակարգերը պետք է բազմակի օգտագործման լինեն: Այս պարագայում կարևոր է ապահովել վերալիցքավորման հնարավորությունն ուղեծրում: Միլիարդատերը նաև հավելել է, որ առաջին առաքելությունը դեպի Մարս միայն առաջին քայլը կդառնա «միջմոլորակային տրանսպորտային համակարգի» ստեղծման ճանապարհին:

Օգոստոսին աստղագետները հայտարարեցին նոր էկզոմոլորակի հայտնաբերման մասին։ Նման հարյուրավոր մոլորակներ, որոնք պտտվում են այլ աստղերի շուրջ, հայտնաբերվել ու հայտնաբերվում են, սակայն Proxima b-ն (աստղագետները այսպես են անվանել նոր մոլորակը) ունի մի շարք կարևոր առանձնահատկություններ։ Այն պտտվում է Արեգակին ամենամոտ աստղի՝ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ: Գիտնականները պնդում են, որ խոսքը Երկիր մոլորակից մոտակա մոլորակի մասին է, որը պիտանի է օրգանական կյանքի համար այս կամ այն ձևով: Proxima b-ն ընդամնեը 4,2 լուսայինն տարվա հեռավորության վրա է Արեգակնային համակարգից, մեր մոլորակի զանգվածի 1,3 ունի, պտտվում է իր արևի շուրջ 11,2 օրում: Մոլորակի և իր աստղի միջև տարածությունը Երկրի ու Արեգակի միջև տարածության 5 տոկոսն է կազմում միայն: Սակայն Կենտավրոսի Պրոքսիման մեր արևից շատ ավելի սառն է, ուստի նրա հարաբերական մոտիկությունը չի բացառում, որ Proxima b-ի վրա կարող է հեղուկ ջուր լինել:

Մարսի ուսումնասիրության ծրագրերին հետևելիս տպավորություն է ստեղծվում, որ Կարմիր մոլորակի մակերեսին կարող են հասնել միայն ամերիկյան սարքերը: Հերթական փորձը ձեռնարկեցին ռուս և եվրոպացի աստղագետները, սակայն այն անհաջողությամբ պսակվեց: Հոկտեմբերի 21-ին Եվրոպական տիեզերական գործակալությունը (ЕКА) հայտնեց, որ ռուս-եվրոպական «ԷկզոՄարս» նախագծի «Սկիապարելլի» զոնդի վայրէջքը Մարսում անհաջող է անցել` այն կոտրվել է վայրէջք կատարելիս: Ըստ ЕКА ներկայացուցիչների ենթադրությունների, պարաշյուտի անսարքության պատճառով «Սկիապարելլի» զոնդն ընկել է Մարսի մակերեսի վրա մոտ 2-4 կմ բարձրությունից ավելի քան 300կմ/ժ արագությամբ:

Հնագիտություն

Հոկտեմբերի 27-ին հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում: Ըստ գիտնականների, դեռ բազում գիտական հետազոտություններ պետք է արվեն, սակայն, ի վերջո գիտնականները կկարողանան տեսնել այն քարի իրական մակերեսը, որին, ըստ ավանդապատումի, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը:

Քիմիա

Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրն անվանակոչվել է «օգանեսոն»՝ (Og) ի պատիվ հայազգի մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանի: 113-րդ տարրն անվանակոչվել է նիհոնիում ի պատիվ ճապոնացի գիտնականների, 117-րդ տարրը՝ տենեսին, ի պատիվ Թենեսի նահանգի, 115-րդ տարրը` «մոսկովիում»(Mc):

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---