Դիվերսանտների դատը. Ինջիղուլյանի հարցաքննության տեսագրությունն ու հետախուզական գումարտակի ինքնաձիգը

Դիվերսանտների դատը. Ինջիղուլյանի հարցաքննության տեսագրությունն ու հետախուզական գումարտակի ինքնաձիգը

PanARMENIAN.Net - ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամի՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:

Դատավարության ընթացքում ի հայտ են եկել խմբի գործունեության նոր մարամասներ: Ինչպես հայտնում է Artsakhpress-ը, նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի համաձայն՝ Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին կյանքից զրկելու նպատակով ոլորել նրա վիզը: Նոյեմբերի 3-ի նիստում Գուլիևը, վերահաստատելով այդ ցուցմունքը, պնդել է, որ Հասանովը բռնություն է գործադրել երեխայի վրա, սակայն, ըստ նրա, իբր այդպես էլ չի հասկացել, թե երեխայի նկատմամբ Հասանովի այդ գործողությունը շոյելու, թե բռնության նշան էր։

Պատասխանելով դատավոր Թադևոսյանի հարցին, թե արդյոք «մահացած Ցականյանը գիտեր, որ ադրբեջանցի են», Ասկերովն ասել է, որ իրենք չեն ցանկացել, որ պատանին իմանա թե իրականում ովքեր են և ինչ նպատակով են ԼՂՀ տարածքում, քանի որ կարող էր հայտնել պատկան մարմիններին։

Ասկերովի տեսախցիկում կային նաև Ադրբեջանում գերի ընկած պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին, նրա խոսքով, ինքն անգամ տեղյակ չի եղել։

Նոյեմբերի 4-ի նիստում նաև մանրամասներ են պարզվել Ցականյանի սպանության զենքի մասին: Հատկանշական է, որ Ասկերովին պատկանող ինքնաձիգը, որից պատանին սպանվել է, ունեցել է այն զորամասի համարը, որի հետախուզական գումարտակում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ծառայել է ամբաստանյալը, որը, սակայն, պատահականություն է համարել այդ փաստը:

Մինչդեռ Բաքվում չեն դադարում դատավարությանը միջամտելու փորձերը: Մասնավորապես, Ասկերովի և Գուլիևի ազատ արձակմանը հասնելու անհրաժեշտության մասին է խոսել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն:

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Փաշազադեն հայտարարել է, որ այդ հարցը քննարկվել է Համայն Ռուսի պատրիարքի հետ Մոսկվայում, իսկ առաջիկայում այն կարծարծվի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը: Նա նշել է, թե այս հարցում ամենաճիշտ քայլեր կարող են կատարել իրավապահներն ու պաշտպանության ոլորտի կառույցները. «Մենք միշտ պետության կողքին ենք և կարող ենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել: Եվ կանենք ամեն ինչ մեր ուժերի ներածին չափով»:

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկeց Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դիլհամ Ասկերովն և Շահբազ Գուլիևը մասնակիորեն ճանաչեցին իրենց մեղքը` հակասական ցուցմունքներ տալով և հիմնական մեղքը բարդելով ձերբակալության ժամանակ ոչնչացված Հասան Հասանովի վրա:

Դիվերսանտների գործով կա երկու մեղադրյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։

Դիվերսանտների մոտ հայտնաբերված պարագաները վերջիններիս կողմից օգտագործվել են դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողությունների համար: Փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերով, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվեց քրեական գործ։

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Ընթերցեք նաև. Ադրբեջանի հատուկ ծառայությունները գիտեին, որ դիվերսանտները հատելու են սահմանը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---