
Կասկածներ կան, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից որևէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում: Այս մասին ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ուղղաթիռը գտնվում է շփման գծի չեզոք հատվածում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ անձնակազմի երեք անդամն էլ զոհվել է։
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նույնպես հաստատել է այն կասկածները, որ անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել: Այս պահին աշխատանքներ են տարվում դա ճշտելու համար։
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերադարձնենք անձնակազմի դիակները, արդեն դիմել ենք Կարմի խաչի միջազգային կոմիտեին, այսինքն՝ քաղաքակիրթ ձևով ենք ուզում ամենն անել» - նշել է Բաբայանը:
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման դծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:
Ավելի վաղ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է ԼՂ-ում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը՝ խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։
Հանձնաժողովի դիմումում ևս նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը, թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամի՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ճակատագիրը։
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին վերահաստատել է, որ պատրաստ է իր` անկախ միջնորդի ծառայությունները առաջարկել` ստանալով համապատասխան պաշտոնական հայտերը հակամարտության կողմերից. «Մենք հակամարտության կողմերի ղեկավարությունների հետ երկխոսության մեջ ենք»:
Կարդացեք նաև` Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ է. Ադրբեջանը տեղանքը կրակի տակ է պահում