ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար. Ռամիլ Սաֆարովը հանցագործ է

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար. Ռամիլ Սաֆարովը հանցագործ է

PanARMENIAN.Net - Նախօրեին` նոյեմբերի 19-ին, ԵԽԽՎ-ում ընդունված` «Սաֆարովի գործով» բանաձևի վերաբերյալ զեկույցի քննարկմանը մասնակցող Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը նշել է, որ, իհարկե, Ռամիլ Սաֆարովը հանցագործ է և դա չի վիճարկվում, սակայն պետք է հաշվի առնել հանգամանքները` հիշելով պատերազմական իրավիճակը և որ մինչ այժմ էլ դիպուկահարների կրակոցներից զոհեր են լինում: Այս մասին պատմել է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` հավելելով, որ հպանցիկ հիշատակվել է նաև օրերս խոցված ուղղաթիռը, ինչպես նաև Սաֆարովի` ծագումով այդ տարածքներից լինելու հանգամանքը:

Նոյեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի արդարացումը, որը դատապարտվել էր Հունգարիայում հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին 2004-ին սպանելու համար։ Ընդունված բանաձևում, որը կազմվել է անգլիացի պատգամավոր Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիման վրա, ասվում է՝ «Դատապարտված անձանց արտահանձնման» մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածը Ռամիլ Սաֆարովի դեպքում կիրառելը միջազգային հարաբերություններում բարեխղճության և օրենքի գերակայության սկզբունքների խախտում է։

Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ադրբեջանցի պատվիրակի այս ելույթն անպատասխան չի մնացել: Panorama.am-ը գրում է` պատասխան ելույթում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է հանգամանքը, որ ինչպես միշտ` ադրբեջանցիների կողմից բովանդակությունը նենգափոխվում է, քանզի զեկույցի նպատակը ոչ թե Ռամիլ Սաֆարովի արարքը որակելն է, ինչն արդեն արել է դատարանը նրան հանցագործ ճանաչելով, և դա ոչ մեկը չի վիճարկում, այդ թվում և Սեիդովը, այլ զեկույցի թեման Ադրբեջանի իշխանությունների գործողություններին գնահատական տալն էր` այն մասին, որ հանցագործին արդարացնելով, ազատելով և հերոսացնելով ` նրանք ի չարս են օգտագործել կոնվենցիան, որի նպատակը, բնավ, այդ ճանապարհով հանցագործներին ազատելը չէ:

«Ինչ վերաբերում է պատերազմին, ապա 1994-ից Ադրբեջանի նախագահի խնդրանքով ստորագրվել է զինադադար, որի պայմանները պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև կոպտորեն խախտվում են խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության և Հայաստանի ջանքերը, որի մի օրինակն էլ մի քանի օր առաջ ռմբակոծված, ուսումնավարժական թռիչք կատարող, անզեն և ադրբեջանցիների համար վտանգ չներկայացնող ուղղաթիռն է»,- հավելել է Նաղդալյանը:

2004-ի փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հետագայում փակ կուսակցական նիստում խոստովանել է, որ որոշում է կայացրել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նա ազատ է արձակվելու: Կուսակիցներն ու խորհրդականները բազմիցս են զգուշացրել Օրբանին, որ այդ քայլը ռիսկային է, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների հանդեպ՝ հետագայում նոր վարկատուներ ապահովելով Հունգարիայի բույջեի համար: Օրբանը խոստովանել է, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն, կարծում էր, թե Սաֆարովին ազատ կարձակեն մի քանի ամիս անց, «առողջական վիճակի պատճառաբանությամբ»:

Կարդացեք նաև`ԵԽԽՎ-ն դատապարտել է Սաֆարովի արդարացումը. Օրենքի գերակայության սկզբունքը խախտվել է

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---