Պերմյակովի նկատմամբ 2 քրգործ է հարուցվել. Գլխավոր դատախազը վստահեցնում է` պատասխանատվության ենթարկվելու է ՀՀ-ում

Պերմյակովի նկատմամբ 2 քրգործ է հարուցվել. Գլխավոր դատախազը վստահեցնում է` պատասխանատվության ենթարկվելու է ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հունվարի 15-ին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը վերահաստատել է նախօրեին արած իր հայտարարությունը, որ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամին սպանած անձը` Վալերի Պերմյակովը, պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանում:

«Մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի Հանրապետության տարածքում, և բոլորս հնարավորություն ենք ունենալու հետևելու ամբողջ գործընթացին», - հայտարարել է գլխավոր դատախազը՝ շեշտելով, որ ոճրագործը նաև պատժի է ենթարկվելու Հայաստանի տարածքում, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության և 6 ամսական երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրգործով կասկածյալ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հունվարի 14-ին ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել:

Ինչ վերաբերում է երկու օր առաջ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Գյումրիի սպանդի գործով հիմնական կասկածյալ, այժմ արդեն՝ մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, Կոստանյանը պարզաբանել է, որ հունվարի 12-ի ոճրագործությունը «երկակի հանցագործություն է» և ընդգրկում է թե՛ ռուսական ռազմակայանի զինծառայողի կողմից կատարված և Ռուսաստանի օրենսդրությամբ պատժվող զինվորական հանցագործություններ և թե՛ Հայաստանի տարածքում կատարված ու Հայաստանի քրեական օրենսդրությամբ պատժվող հանցագործություն: Նա վստահեցրել է` հայ իրավապահները չեն պատրաստվում որևէ մեկին զիջել իրենց իրավազորությունը:

Հայաստանի իշխանությունը, իրավական համակարգը հետևողական է լինելու այս հարցում, վստահեցրել է գլխավոր դատախազը:

Կոստանյանը նաև շեշտել է, որ ՀՀ-ն ձեռնարկել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ օրենսդրության և միջազգային իրավունքով պայմանավորված եղանակներով, որպեսզի ունենանք քրեական պատասխանատվությունը մեղավորի, մեղավորների, ցանկացած այն անձի, որն առնչություն է ունեցել այս հանցագործությանը:

Նրա խոսքով՝ շատ լավ է, որ հասարակությունը ծանոթանում է միջպետական պայմանագրերին, բայց պետք է հստակ գիտակցել դրանցում առկա դրույթները: Մեջբերելով խնդրահարույց դարձած ՌԴ և ՀՀ միջպետական պայմանագիրը՝ Կոստանյանն ասել է.

«Ըստ պայմանագրի` հանցագործություններն ու իրավախախտումները, որոնք կատարվել են ՀՀ տարածքում այն անձանց կողմից, որոնք ռազմաբազայի ենթակայության ներքո են, քննվում են ՀՀ օրենքով: Սակայն հաջորդ հոդվածը սահմանում է մի շարք բացառություններ, այդ թվում և այն դեպքում, երբ կատարվել է զինվորական հանցագործություն»,- ասել է նա` պարզաբանելով. «Այսինքն, եթե զինվորական հանցագործությունները կատարվել են բազայի տարածքում կամ դրա տարածքից դուրս, ապա դրանք ենթակա են ռուսական օրենսդրությանը»:

Նկատի ունենալով, որ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում և փաստի կապակցությամբ գործում է ՀՀ իրավազորությունը, հայկական կողմը հարուցել է քրեական գործ, ըստ ՀՀ ՔՕ, և այս պայմաններում իրականացվում է ՀՀ իշխանություն իրավազորությունը.

«Այսօրվա ընթացքում համապատասխան քննչական և դատավարական գործողություններ են իրականացվելու: Սա այն հարցը չի, որ մենք պետք է զգացմունքային լուծմամբ առաջնորդվենք, որովհետև գործում ենք այնպիսի կարգավորումների հետ, որոնք նոր չեն ծնվել և համաշխարհային փորձի արդյունք են: Եվ դրա համար բացարձակ չենք խոսում որևէ մեկին իրավազորություն հանձնելու կամ զիջելու մասին: Դա ընդամենը թյուր կարծիք է ձևավորվել»,- հավելել է Կոստանյանը` ընդգծելով, որ ամենն ընթանալու է երկու պետությունների օրենսդրությունների համադրության, համեմատության և կիրառելիության միջոցով, գրում է «Այսօր»-ը:

Փաստորեն կա երկու քրեական գործ, մեկը, որ հարուցվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՝ ՀՀ օրենսդրության հիման վրա, և քրեական գործ, որը հարուցվել է Ռուսաստանի օրենսդրության հիման վրա՝ ՌԴ իրավապահների կողմից:

«Եվ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները ինչ քրեադատավարական ընթացք են իրականացնում իրենց հարուցած քրեական գործով, դա որևէ առնչություն չունի մեր քրեադատավարական օրենսդրության կարգով հարուցված քրեական գործի և իրականացվող ու իրականացվելիք քրեական հետապնդման գործի հետ: Եվ այն հանգամանքը, որ երեկ Քննչական կոմիտեի քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, դա արդեն իսկ նշանակում է, որ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ համակարգը ինչ միջոցներ է ձեռնարկում, Հայաստանը շարունակելու է գործընթացը: Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մտնելու է 102-րդ բազայի տարածք՝ քննչական գործողություններ կատարելու համար՝ տվյալ անձի հետ, որը մեր քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասել է Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ դրանով իսկ ՀՀ-ն իրականացնում է իր իրավազորությունը տվյալ անձի նկատմամբ, մեջբերում է Tert.am-ը:

Գլխավոր դատախազը հավելել է, որ դեպքի վայրը զննել են ՀՀ իրավապահները, ու չի կարող ասել՝ ինչու է ռուսական կողմը նրան սպանության գործով մեղադրանք առաջադրել՝ իրավասու չի մեկնաբանել.

«Բոլոր իրեղեն ապացույցները հայկական կողմի իրավապահների մոտ են, ռուսական կողմը ոչ մի նման ապացույց չունի»:

Սահմանը խախտելու փորձի մասին գլխավոր դատախազը նշել է, որ այս մասով մեղադրանքը երբ առաջադրվում է, արվում է այդ պահին ապացուցված փաստերի կապակցությամբ:

«Եվ , այո՛, մենք չենք բացառում, որ երբ քննության ընթացքում քննիչները հարցաքննություն կիրականացնեն, կծանոթանան մյուս բոլոր նյութերին, որ այս պահին գտնվում են ռուսական իրավապահ համակարգի ներքո, այդ ծանոթացման հիման վրա մեղադրանքը մեր կողմից կփոխվի, կլրացվի: Դա մի ամբողջ գործընթաց է»,- պարզաբանել է Կոստանյանը:

Անդրադառնալով հարցին, թե որտեղ է Պերմյակովը կրելու պատիժը, Կոստանյանն ասել է.

«Պատժի կրումն ու գործընթացը միջազգային փաստաթղթերով են լուծվում, քաղաքացիության երկրում պետք է կրի, թե դատապարտող երկրում, միջազգային իրավունքի փաստաթղթերով է լինելու, դեռ չենք հասել այդ փուլին: Չեմ կարծում` սկզբունքային մեծ խնդիր է, այդ մասին դեռ վաղ է խոսել»:

Կարդացեք նաև` Գյումրեցիների ցույցը, երևանցիների երթը, Պերմյակովի մեղադրանքն ու գլխավոր դատախազի խոստումը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---